ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ հունիսի 27-ին, ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին, որի հետ քննարկել է ԼՂՀ հակամարտության հետեւանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին:

Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն անդրադարձել է Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությանը, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների հետ իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին: Նախարարը նշել է, որ  ՀՀ իշխանությունները խնդիրը լուծելու հարցում ապավինում են ԿԽՄԿ-ի փորձառությանը։ Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԿԽՄԿ նախաձեռնությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը ՀՀ օրենսդրությամբ առավել հստակ ամրագրելու գործում։  Հանդիպմանը կարեւորվել է նաեւ ԿԽՄԿ եւ ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը քրեակատարողական ոլորտում։