Վերջին 3 տարում Սփյուռքի հիմնախնդիրների ուսումնասիրման ուղղությամբ իրականացվել է ավելի քան 15 հետազոտություն, հրատարակվել է շուրջ 50 գիրք, այդ թվում՝ 3 «Հայկական Սփյուռք» տարեգրքերը: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 27-ին, Սփյուռքի նախարարին կից ատյանի նիստում:
Բացի այդ, կազմակերպվել է 10 գիտաժողով՝ նվիրված հայկական սփյուռքի հիմնախնդիրներին, սփյուռքի մասնագիտական ներուժի համախմբմանը, երիտասարդական հիմնախնդիրներին: Կազմակերպվել է «Սփյուռք» ամառային դպրոցի գործունեությունը՝ իր 5 ուղղություններով, այս տարի ավելացել է 6-րդ ուղղությունը՝ համայնքային գործի կազմակերպիչների դասընթացները: Իրականացվել է Հայաստանում սփյուռքահայերի ինտեգրման 2 ծրագիր: Կազմակերպվել է «Սփյուռքի համայնքային օրերը Հայաստանում» 2 ծրագիր, ինչպես նաեւ «Իմ Հայաստան» եւ «Կոմիտաս» փառատոնները բազմաթիվ մշակութային միջոցառումներ, սփյուռքահայ անհատների մեծարման երեկոներ: Ստեղծվել են արեւմտահայերենի միասնական դասագրքեր, Սփյուռքի կրթօջախներին ցուցաբերվել է մեթոդական, նյութական աջակցություն, կազմակերպվել է ուսուցիչների վերապատրաստում տեղերում եւ ՀՀ-ում, տրամադրվել է մեծ քանակությամբ ուսումնական գրականություն, ՀՀ պետական խորհրդանիշեր: Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային կոնգրեսի հետ միասին կազմակերպվել են 8 անվանակարգով մրցանակաբաշխություններ: Օժանդակություն է ցուցաբերվել Սփյուռքում 60 նոր մեկօրյա դպրոցների բացմանը: Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրականացված աշխատանքները ամփոփվել են վերջերս կայացած համաժողովում: Իրականացվող աշխատանքների մի մասը կրում է շարունակական բնույթ:
Զեկուցողը նշեց, որ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական հինգերորդ «Հարափոփոխ աշխարհի հայկական իրականությունը» խորագրով համաժողովը կկազմակերպվի 2014թ. սեպտեմբերի 19-21-ը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական չորրորդ համաժողովի ժամանակ հնչած առաջարկները անհրաժեշտ է խմբավորել ըստ ուղղությունների եւ նշել այդ ուղղություններով կատարված աշխատանքները: Անհրաժեշտ է ստեղծել աշխատանքային խումբ, կազմել քննարկվող խնդիրների փաթեթը, բաժանել սփյուռքի համայնքներին:
Նախարարն առաջարկեց ընդլայնել հրավիրյալների ցանկը, համաժողովին հրավիրել բոլոր երիտասարդ առաջնորդներին:
Նախարարը կարեւորեց նաեւ «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական հինգերորդ համաժողովը:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի քարտուղարության հաշվետվությունը ներկայացրեց քարտուղարության պետ Ա.Էլչիբեկյանը: Նա նշեց, որ կառավարության կողմից տրված հանձնարարականները նախարարությունը կատարել է ժամանակին եւ ամբողջությամբ: Հաշվետու ժամանակահատվածում քարտուղարությունն իրականացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից վարվող քաղաքականության մասով ՀՀ սփյուռքի նախարարի եւ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները: Զեկուցողը կարեւորեց փոստի ստուգումը, դիմում բողոքների, հարցումների պատասխանների հսկողության իրականացումը, օրաթերթերի, ամսագրերի բաշխումն ըստ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաեւ, Mulberry համակարգի ելից եւ մտից փաստաթղթերի առաքման եւ գրանցման համակարգումը:
Ամփոփելով նիստը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ պետք է ակտիվացնել համայնքների հետ աշխատանքը, փորձել կապ հաստատել նորաստեղծ, պասիվ համայնքների հետ, ծանոթանալ խնդիրներին:





























