Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ Սարյան փողոցից բերման ենթարկված Վահագն Ավագյանը բաց նամակով դիմել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով ծառայողական քննության անցկացման պահանջով դիմել ոստիկանություն եւ պարզել, թե ովքեր են իր նկատմամբ ոստիկանության բաժնում ապօրինի գործողություններ կատարել:
NEWS.am-ի խմբագրության ուղարկված նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Հունիսի 23-ին ես մասնակցում էի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց անցկացվող խաղաղ բողոքի ցույցին ժամը 13:00-ի սահմաններում: Ակցիան դեռ չսկսված՝ ոստիկանները շրջափակեցին մեզ, թույլ չտվեցին մոտենալ համապատասխան շենքին՝ մեր պահանջը բարձրաձայնելու համար: Ոստիկանների ապօրինի գործողությունների արդյունքում առաջացած հրմշտոցի ժամանակ ոստիկաններից մեկը ծնկով հարված է հասցրել ինձ փորի շրջանում: Ժամը 13:50-ի սահմաններում Սարյան փողոցի մայթեզրին կայանած մեքենաների մոտակայքում կանգնած փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից «սրան էլ տարեք» հրահանգից հետո հայտնվեցի մի քանի ոստիկանների ձեռքերում: Նրանք ձեռքերս ոլորած տարան ինձ եւ հրեցին արտասահմանյան արտադրության միկրոավտոբուսի մեջ: Միկրոավտոբուսի դուռը փակելուց հետո անմիջապես բռունցքով հարված ստացա գլխիս հետեւի եւ աջ կողային մակերեւույթի հատվածում (հարվածի հետ կապված ժամը 20:00-21:00 ընկած հատվածում եղել եմ 1-ին հիվանդանոցում եւ անցել եմ ստուգում):
Դրանից հետո հետեւից խփողը իջավ մեքենայից, եւ ես մնացի վարորդի ու իմ երկու կողմում գտնվող հրեշտակների խումբ անունը կրող ոստիկանների հետ: Նրանցից մեկի անունը Անդրանիկ էր, ազգանունը եթե չեմ սխալվում Հարությունյան կամ Հայրապետյան: Այդ ոստիկանը, մինչեւ բաժին հասնելը, գլխարկով անընդհատ հարվածում էր դեմքիս ու պատմում, թե ինչպես է ինձ համար 2 թուրք սպանել սահմանի վրա:
Ոստիկանների կողմից անհանդուրժողականությունը շարունակվեց բաժին մտցնելու, մասնավորապես՝ ոստիկանության լեյտենանտ Անդրանիկը ձեռքս ոլորած, երեսս համարյա գետնին կպնելով՝ ինձ մտցրեց բաժին, որտեղ ընկերներս տեսան այդ վերաբերմունքը: Ոստիկանը արդարացրեց իրեն՝ ասելով, որ հարվածի տեղ չկա դեմքիս: Ապօրինությունները շարունակվեցին նաեւ բաժնում: Մասնավորապես այն բանից հետո, երբ ես հրաժարվեցի ներկայանալ, մինչեւ փաստաբանս չներկայանա, ոստիկանության մայոր Պապյանը ասաց, որ եթե մինչեւ 3 ժամը իմ անձը չպարզեն, ինձ կուղարկեն հոգեբուժարան: Բացի դրանից՝ մայոր Պապյանից հարցրի հնարավորություն օրենքով թույլատրված 1 զանգ կատարելու վերաբերյալ, ինչին նա հակադարձեց, որ մինչեւ հրահանգ չստանան, թույլ չեն տա: Հատկանշական է մեկ փաստ եւս, որ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչների ներկայությամբ ես հայտարարեցի, որ իրավունք ունեմ 3 ժամը լրանալուն պես հեռանալ ոստիկանությունից, ինչին ոստիկանության փոխգնդապետ Սոնան հակադարձեց. «Մինչեւ անձը չպարզի, տեղ չի կարող գնալ եւ ավելացրեց կարող է նա հանցագործ է, չպարզե՞նք»:
Այդ ամենը ձեր աշխատակիցների ներկայությամբ: Ոստիկանությունում գտնվելու ինչ որ պահից ոստիկանության օպերլիազոր Մելսի կամ Մելսյանի հետ, լավ չեմ հիշում, ֆիքսեցինք ինձ բաժին բերելու ժամը`14:05: Ժամը 16:40-ի մոտակայքում վերջապես ինձ թույլ տվեցին հանդիպել իրավաբանիս հետ, որին ընկերս էր ուղարկել: Նրա անունը Ավագ Լալայան է: Նա ինձ տեղեկացրեց, որ իրեն 40 րոպե խոչընդոտել են ոստիկանություն մտնելու ու ինձ հանդիպելու համար: Իրավաբանի հետ հանդիպելուց ու զրուցելուց հետո ես ներկայացա ոստիկանության փոխգնդապետ Սոնային եւ պատրաստվում էի գրավոր ներկայացնել այս ամենի մասին արձանագրության մեջ: Սակայն մինչեւ ժամը 17:20 րոպե արձանագրություն կազմողը չազատվեց, ինչից հետո փոխգնդապետ Սոնան ինձ ասաց՝ դու ազատ ես, գնա: Առանց որեւէ արձանագրության, որեւէ թղթի լրացման՝ ինձ ասացին՝ հեռացիր այստեղից: Փաստորեն ինձ առնվազն 3.15 ժամ ապօրինաբար զրկել են ազատությունից: Կուզենամ նաեւ ավելացնել երկու այլ ոստիկանների ապօրինի գործողությունների մասին: Նրանցից մեկը հայտարարում էր, որ ինձ պահելու են 72 ժամ, իսկ մյուսը իր անձնական հեռախոսով փորձում էր նկարել ինձ: Ցավոք վերջին երկու դեպքերի հետ կապված անուններ չգիտեմ: Խնդրում եմ Ձեզ հետամուտ լինել այս ապօրինի դեպքերի բացահայտման համար եւ ծառայողական քննության պահանջ ներկայացնել ոստիկանության համապատասխան բաժին վերոհիշյալ անձանց ինքնությունը պարզելու եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար:
Հ.Գ. Այսօր առավոտյան ինձ զանգել են ոստիկանության կենտրոնի բաժնից եւ հրավիրել ցուցմունք տալու, կապված 1-ին հիվանդանոցում գլխիս վնասվածքի արձանագրության հետ: Ես հրաժարվել եմ հրավերից եւ հիմնավորել եմ նախորդ օրը տեղի ունեցած աօրինությունների պատճառով: Քանի դեռ չեն բացահայտվել բոլոր մեղավորները, ես չեմ ցանկանում համագործակցել ոստիկանության հետ»:
Նշենք, որ հունիսի 23-ի ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ, 27 քաղաքացի բերման էր ենթարկվել:




























