Ադրբեջանական մամուլը, հետեւելով երկրի բարձր ղեկավարության վատ օրինակին, անհեթեթ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածում։ Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ANS PRESS-ի այն հաղորդագրությունը, թե «հայկական դիրքեր են ոչնչացվել»։
Համաձայն ադրբեջանական մամուլի՝ նախօրեի երեկոյան «հայկական կողմը գնդակոծել է գյուղերը, ի պատասխան ադրբեջանական բանակը կրակ է բացել եւ ճնշել թշնամու հրաձգությունը։ Արդյունքում հայկական դիրքերն ավերվել են, չեզոք գոտում հրդեհ է բռնկվել»։ Եվ... «տուժածներ չկան»։
«Պարզ է, որ երբ Ադրբեջանի նախագահը լկտիաբար աղավաղում է փաստերը, պաշտպանության նախարարը պարծենում է «Հայաստանի տարածքում ցանկացած օբյեկտ ոչնչացնելու ունակությամբ», մամուլն էլ կհետեւի նրանց օրինակին եւ կսկսի երեւակայել»,- նշել է փորձագետը։
Ըստ նրա՝ վերոնշյալ տվյալները մի քանի հարցեր են ծնում։ «Եթե դիրքեր են ոչնչացվել, ուր են զոհերը։ Ամենակարեւորը՝ ինչով են ոչնչացվել։ Հրաձգային զենքով չէր ստացվի։ Հայտնի՞ է արդյոք ադրբեջանցիներին, որ «դիրքերի ոչնչացում» նշանակում է պաշտպանության գծի ճեղքում, լայնածավալ գործողությունների սկի՞զբ»,- նշել է Արկադի Գրիգորյանը։





























