ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը կազմակերպության Բաքվում անցկացվող նստաշրջանի ընթացքում կոչ է արել Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ նստել Լեռնային Ղարաբաղի հետ:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Արտաշես Գեղամյանը կոնֆլիկտի կարգավորման համար կոչ է արել Ադրբեջանին բանակցությունների գնալ Լեռնային Ղարաբաղի հետ: «Ձայնը բարձրացնելով՝ նա դահլիճում իրարանցում առաջացրեց: Հայ պատգամավորը նույնիսկ մեղադրեց Ադրբեջանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում նա հենվում է ԱՄՆ-ի վրա»,- հաղորդում է աղբյուրը:

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը Բաքվում կշարունակվի մինչեւ հուլիսի 2-ը: Հունիսի 28-29-ին հանձնաժողովների նիստեր տեղի կունենա, հուլիսի 1-ին աշխատանքը կսկսի վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստը: