ԱՄՆ-ը գերադասում է ուկրաինական ղեկավարությանը դրդել առճակատման, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Շաբաթօրյա լուրեր Սերգեյ Բրիլովի հետ» հաղորդման ընթացքում:
«Կան նաեւ գործընկերներ օվկիանոսից այն կողմ՝ ամերիկացի մեր գործընկերները, ովքեր, դատելով բազմաթիվ վկայություններին, այնուամենայնիվ գերադասում են ուկրաինական ղեկավարությանը դրդել առճակատման»,- հայտարարել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի հետ խաղաղության հաստատման հնարավորության մասին հարցին:
ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ եթե ամեն ինչ կախված լիներ Ռուսաստանից ու նրա եվրոպացի գործընկերների մեծամասնությունից, ապա Ուկրաինայի հետ խաղաղության հաստատման հնարավորությունները շատ ավելին կլինեին, սակայն, «կան նաեւ խաղացողներ ի դեմս ուկրաինական կողմի, որն ամենեւին էլ միատարր չէ»:
«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ցանկանում էր նվազեցնել լարվածության աստիճանն ու շարունակել հաշտեցումը, սակայն ուկրաինական իշխանության շարքում կան նաեւ արմատականներ, որոնք առաջվա պես վերահսկում են զինված ուլրտրանացիոնալիստներին կամ շատ սերտ համագործակցում նրանց հետ, կա «Աջ սեկտոր», Իգոր Կոլոմոյսկու գումարտակները եւ այլ խմբավորումներ, որոնք չեն ենթարկվում Ուկրաինայի կենտրոնական հրամանատարությանն ու գլխավոր հրամանատարին»,- նշել է Լավրովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























