Հայաստանի քաղաքական ուժերը պետք է հրաժարվեն «Հիսուս Քրիստոսի բարդույթից», հունիսի 28-ին «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարում հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ քաղաքական ուժերը պետք է ամբիցիաները մի կողմ դնեն եւ միավորվեն, այդ ժամանակ ժողովուրդը ոտքի կելնի եւ կսկսի պայքարել իր իրավունքների համար։ «Մենք պետք է ուղի գտնենք, քաղաքական ուժերը միավորելու ուղի։ Եթե մենք դա չանենք, այս իրավիճակը դեռ երկար կշարունակվի»։
Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը ստի շրջափակման մեջ է։ Երկրում կան քաղբանտարկյալներ՝ Շանթ Հարությունյան, Վոլոդյա Ավետիսյան։ Նա նաեւ նշել է, որ եթե Վարդան Պետրոսյանն իշխանությունների մերձավորներից լիներ, այժմ ազատության մեջ կլիներ։ «Ցավալի է, որ պատահարից մարդիկ են զոհվել, նրանք պետք է փոխհատուցում ստանան, սակայն Վարդան Պետրոսյանն ակամայից քաղաքական նկատառումներով է բանտարկված»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























