Ես մտադիր եմ կուսակցական եւ քաղաքական գործունեության դադար վերցնել, հունիսի 28-ին «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարում հայտարարել է կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։ Նախքան դա կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ չնայած մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Սաֆարյանը մտադիր է լքել կուսակցությունը, նրան խոսք է հատկացվում։
«Ես դադար եմ վերցնում, քանի որ երկար ժամանակ փորձագետ եմ եղել եւ այժմ փորձագիտական գործունեության բուռն շրջան եմ ապրում»,- հայտարարել է Սաֆարյանը։
Նա նաեւ հույս է հայտնել, որ կուսակցության վարչության նոր անդամները իրենց գործունեության համար բարձր նշաձող կվերցնեն։ Սաֆարյանը նաեւ կուսակիցներին շնորհակալություն է հայտնել իր հանդեպ վստահության համար։ Ի պատասխան Հովհաննիսյանը նրան ասել է. «Քեզնից գործունեության շարունակություն ենք ակնկալում, թանկագին Ստեփան»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























