Հայաստանի եւ Վրաստանի միջեւ խնդիրները վերջինիս կողմից ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի կնքումից հետո կարող են տնտեսական լինել: Այդ մասին հունիսի 28-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա պարզաբանել է, որ մինչ այդ Վրաստանի համար գործում էր ազատ առեւտրի ԱՊՀ գոտին: «Հայաստանի եւ Վրաստանի միջեւ նույնպես գործում է ազատ առեւտրի մասին այդ համաձայնագիրը: Այդ ամենը պետք է վերանայել: Այս պահին, երբ Հայաստանն անդամակցելու է ՄՄ-ին, քննարկումները շարունակվում են, արդեն հուլիսին փաստաթուղթը պատրաստ կլինի, կարծում եմ, սեպտեմբերին բոլոր խնդիրները կկարգավորվեն»,- նշել է Ջոնի Մելիքյանը՝ հավելելով, որ ռուսական կողմը դեմ չէ հայ-վրացական նման համագործակցությանը:
Նրա խոսքով հայ-վրացական հարաբերությունները հարկավոր է դիտարկել երկու մակարդակում՝ անմիջապես հայ-վրացական հարաբերություններ եւ ռուս-վրացական հարաբերություններ: «Որքան բարիդրացիական լինեն հարաբերությունները Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, այնքան լավ հայ-վրացական հարաբերությունների համար: Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանն ու Վրաստանը տարբեր բեւեռներում էին: Այդ տարիների ընթացքում հնարավոր էր համագործակցել եւ հիմնականում միմյանց հետ խնդիրներ չունենալ»,- ընդգծել է Ջոնի Մելիքյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Վրաստանը ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքեց, որը ենթադրում է ԵՄ հետ ազատ առեւտրի գոտու ստեղծում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























