«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ: Այդ մասին այսօր՝ հունիսի 28-ին «Ժառանգություն» կուսակցության համագումարում լրագրողների հետ զրույցում հայտնել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հարցին, որ եթե պարզվի Քոչարյանի առնչությունը քառյակի գործունեությանը, արդյոք «Ժառանգությունը» կշարունակի համագործակցությունը քառյակի ուժերի հետ, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է. «Եթե Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է գալ եւ ներկայանալ որպես մեղադրյալ, այո, մենք կհամագործակցենք միայն այդ հարցում: Նա ՀՀ-ում թիվ մեկ հանցագործներից մեկն է»:
կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր հերթին հայտնել է, թե Ռոբերտ Քոչարյանը առնչություն չունի խորհրդարանական քառյակի օրակարգին: Հովհաննիսյանը նշել է, թե ծանոթ չէ Ռոբերտ Քոչարյանի նկատառումներին, իսկ քաղաքական ուժերի համագործակցությունը ներխորհրդարանական համագործակցություն է, քանի դեռ չկա համազգային գլոբալ օրակարգ: Նա նաեւ նշել է, թե իրենք բացառում են իրենց մասնակցությունը որեւէ անձի կողմից ուղղորդվող գործընթացին:
Դիտարկմանը, թե քառյակի 12- պահանջների մեջ չկար Մարտի 1-ի հարցը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է. «Շատ բան չներառվեց: Մենք ավելի ուրիշ կանեինք, բայց սա համագործակցություն է»:



























