ՌԴ ԱԳՆ, ՌԴ Վիեննայի ՄԱԿ-ի կառույցներում մշտական ներկայացուցչության եւ Միջուկային Էներգիայի Պետական Բաժնետիրություն «Ռոսատոմ» ընկերության հրավերով ԱԷՄԳ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչները հունիսի 23-26-ը այցելեցին ՌԴ Մուրմանսկ քաղաքում գտնվող Կոլայի ատոմակայան:

Պատվիրակության կազմում էին ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, ՌԴ, Վիետնամի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի, Եգիպտոսի, Սինգապուրի, Քուվեյթի, Ալժիրի, Հարավային Աֆրիկայի, Նիկարագուայի, Հորդանանի դեսպանները, ԱԷՄԳ Միջուկային Էներգիայի հարցերով Գլխավոր տնօրենի տեղակալը, Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենը, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրենի խոհրդականը, միջուկային էներգետիկայի հարցերով խորհրդատուներ եւ մի շարք այլ երկրների փորձագետներ:

Այցի նպատակներ էր Կոլայի ատոմակայանի շահագործման ռուսական ժամանակակից տեխնոլոգիաների եւ սարքավորումների հետ ծանոթացումը եւ խաղաղ նպատակներ հետապնդող միջուկային էներգետիկայի օգտագործման բնագավառում համագործակցությունը:

Այցի շրջանակներում տեղի ունեցած խորհրդակցության քննարկումների առարկան էր ատոմային բնագավառում միջազգային համագործակցությունը, ռուսական նախագծով ատոմակայնների շահագործման եւ սարքավորման փորձը, ինչպես նաեւ անվտանգության համակարգերը եւ ռուսական կայանների վերազինումը նոր սարքավորումներով, որոնք մշակվել եւ իրականացվել էին հատուկ միջոցառումների շրջանակներում` Ֆուկուշիմայի կայանում տեղի ունեցած պատահարից հետո:

Պատվիրակությունն այցելեց նաեւ ռադիոակտիվ թափոնների մշակման «ՌոսՌաո» ձեռնարկության հյուսիսարեւմտյան տարածաշրջանային կենտրոնի «Սաիդա-Գուբա» ստորաբաժանում, ինչպես նաեւ «Ատոմֆլոտ» սառցահատ ատոմային նավատորմի կայան:

Այցի շրջանակներում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ Ուրանի հարստացման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լեբեդեւի, «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրենի խոհրդական Վլադիմիր Կուչինովի եւ Կոլայի ատոմակայանի տնօրեն Վասիլի Օմելչուկի հետ:

Քննարկվեցին միջուկային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ՌԴ միջեւ համագործակցության առդի հարցերը, ինչպես նաեւ Մեծամորի եւ Կոլայի ատոմակայանների միջեւ փոխգործակցության հեռանկարները: