ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովում իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Արտաշես Գեղամյանը Վեհաժողովի՝ Բաքվում անցկացվող նստաշրջանի շրջանակում հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az-ին: Ձեր ուշադրության ենք ներկայացնում հրապարակված հարցազրույցը, որի իսկությունը, սակայն, առայժմ չենք կարողացել պարզել հենց Արտաշես Գեղամյանից:

Ինչպե՞ս եք Ձեզ զգում Բաքվում:

Նորմալ: Աշխատանքային մթնոլորտ է:

Ինչպիսի՞ զգացողություններ են: Հավանաբար, առաջին անգա՞մ եք Բաքվում:

Ոչ, ես 15-րդ անգամ եմ լինում Բաքվում: Ցավոք, նախկինում Բաքվում եղել եմ մինչեւ 1988 թվականը, ղարաբաղյան հակամարտությունից առաջ: Ես Երեւանի քաղաքապետն էի, բազմիցս Երեւանում Ադրբեջանից հյուրերի եմ ընդունել, եւ ինքս էլ հաճախ Բաքվում եմ եղել:

Բաքու եկել եք խաղաղարա՞ր տրամադրությամբ, թե՞, ամեն դեպքում, մարտական ոգով: Ադրբեջանում անցկացրած առաջին օրերից հետո ի՞նչ եք կարծում, երկու ժողովուրդների հաշտեցման համար նոր հարթակ կա՞:

Ցավոք, Հելսինկյան եզրափակիչ ակտը մեկնաբանվում է ոչ առկա քաղաքական իրողությամբ: Եվ այդ թելադրված է աշխարհաքաղաքական կոնյուկտուրայով: Երբ նրանց անհրաժեշտ է, սատարում են հայերին, երբ ոչ՝ ադրբեջանական կողմին: Քանի դեռ չի հստակեցվել, թե սկզբունքներից որն է հրամայական անհրաժեշտություն, իրավիճակը չի փոխվի: Ադրբեջանական պատվիրակությունը ներկայացնելու է խնդրի իր տեսլականը: Եվ այդ նորմալ է: Հայկական պատվիրակությունն էլ պատասխանելու է իր փաստարկներով:

Արդյունքում մեր սահմանին զոհ են գնում խաղաղ եւ անմեղ մարդիկ: Հենց այդ էլ չի կարելի թույլ տալ: Հարկավոր է սկզբունքներ մշակել, որոնց դեպքում Ադրբեջանը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապրեն խաղաղության եւ համաձայնության պայմաններում: Իսկ դրա համար անհրաժեշտ է այնպիսի իրավիճակ ստեղծել, որի դեպքում կմիահյուսվեն մեր երկու երկրների եւ Լեռնային Ղարաբաղի ընդհանուր եւ, առաջին հերթին, տնտեսական շահերը: Մեզ անհրաժեշտ է խաղաղ գոյակցություն, ամբողջ տարածաշրջանի տնտեսական բուռն զարգացում, մեր ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների վերածնունդ: Որպեսզի ադրբեջանցիները Երեւանում զգան՝ ինչպես իրենց տանը: Իսկ հայերն իրենց լավ զգան Բաքվում: Նման ժամանակներ եղել են: Հավատացեք: Մինչ այս, ես 14 անգամ եղել եմ Բաքվում: Եվ այստեղ միշտ բարության եմ հանդիպել: Նույնը կհաստատեն նաեւ Ադրբեջանից իմ գործընկերները: Ես չեմ նշի նրանց անունները, քանի որ վստահ չեմ, որ դրանից նրանց համար ավելի լավ կամ վատ կլինի: Բայց նրանք միշտ հայկական կողմից ջերմություն են զգացել: Մենք բոլորս հյուրընկալ Կովկասի բնակիչներ ենք, եւ մեզ բոլորիս կապում են պատմական արժեքները:

Ինչ-որ մեկին, հավանաբար, ձեռնտու է, որ մեր միջեւ թշնամությունը շարունակվի: Եվ այդ հանգեցնում է արյունահեղության: Ինչ էլ լինի՝ մենք դատապարտված ենք միասին ապրել: Իսկ խելացի հարեւանները միասին առեւտուր են անում, տոներ են նշում: Ինչո՞ւ կրակել միմյանց ուղղությամբ:

Կիսո՞ւմ եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ներկա իշխանությունների տեսակետները, թե՞ այս իրավիճակից դուրս գալու ուղիների մասին Ձեր պատկերացումներն ունեք:

Ես Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության անդամ եմ: Երեկ  Վեհաժողովում ես բացահայտորեն ասացի, որ մեր նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, թե խաղաղ կարգավորման լավ հիմքեր կան: Դրանք Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների համատեղ հայտարարություններն են: Այդ հայտարարություններում նշված են հակամարտության կարգավորման բոլոր սկզբունքները, որոնց մենք սատարում ենք: Գլխավորը՝ ապահովել մի իրավիճակ, որի դեպքում Ադրբեջանը, Հայաստանն ու Ղարաբաղն անվերապահորեն կհետեւեն այդ սկզբունքներին: Մեր ժողովուրդները ծարավի են խաղաղության:

Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը կարող է վերանայել Եվրսիական տնտեսական տարածքին անդամակցելու հարցը: Սերժ Սարգսյանը, կարծես, շատ է ձգձգում վերջնական որոշման կայացումը…

Մեր երկրի ղեկավարը հետեւողական եւ հավասարակշռված քաղաքական գործիչ է: Նա փայլուն շախմատիստ է: 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հայաստանի՝ միությանն անդամակցելու ցանկության մասին եւ հիմնավորել այդ ընտրությունը, նշանակում է՝ այդ հավերժ է: Հայաստանը շատ հուսալի գործընկեր է: Այլ հարց է, որ օբյեկտիվ պատճառներով Միությանն անդամակցելը ձգձգվում է: Սակայն շուտով տեղի կունենա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի պաշտոնական ստորագրությունը: Ի դեպ, մենք շատ ենք ցանկանում նաեւ այդ միությանն Ադրբեջանի անդամակցությունը: Այդ նշանակալիորեն կօգնի մեր միջեւ գոյություն ունեցող խնդիրների ու տարաձայնությունների կարգավորմանը:

Ի դեպ, այսօր ո՞վ է հիշում, թե ում է պատկանում Էլզասը: Արդեն ոչ մի նշանակություն չունի՝ Էլզասը ֆրանսիակա՞ն է, թե՞ գերմանական: Այն միացյալ Եվրոպայի մայրաքաղաքն է: Եվ արդեն ընդհանրապես չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանն է:

Այսինքն, Դուք իսկապե՞ս համոզված եք, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ առանց սահմանների գոյակցության: Դուք պատրա՞ստ եք առանց սահմանների կյանքին:

Ես համոզված եմ դրանում: Հայերը ոչ մի ազգի հանդեպ ծայրահեղ ատելություն չունեն: Մենք շատ շփվող ազգ ենք: Կարեւորը, որ հայերի ազգային զգացմունքի, մշակույթի ու ինքնության հանդեպ հարգանք լինի:

Չէ՞ որ Բաքվում այնքան շատ էին տաղանդավոր հայ շինարարները: Այո՛, այդ պատմության մեջ է մնացել: Սակայն չի կարելի մոռանալ այդ պատմությունը: Հենց այսպիսի դրական օրինակների վրա պետք է կառուցել ապագան: