Կենսաթոշակային բարեփոխումների կապակցությամբ ճիշտ որոշումը չի կարող շրջանցել խնդիրներն եւ փոփոխությունները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է «HSBC Bank Armenia» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Թիես Քլեմենցը:

«Ես չեմ կարող կարող մեկնաբանել կառավարության որոշումը: Կարծում եմ՝ Հայաստանին ճիշտ ուղի է անհրաժեշտ, իսկ դա առանց խնդիրների եւ փոփոխությունների չի կարող լինել, ինչպես մենք հիմա տեսնում ենք: Համոզված եմ, որ վերիվերջո, Հայաստանը ճիշտ որոշում կընդունի: Փորձը ցույց կտա, որքանով այն ճիշտ կլինի», - ասել է Քլեմենցը:

Հարցին՝ HSBC Armenia ծրագրո՞ւմ է համակարգի շրջանակներում ավանդներ ընդունել, Քլեմենցը պատասխանեց, որ ընտրության պատասխանատվությունն ընկած է կենսաթոշակային ակտիվները կառավարող ընկերությունների վրա: «Ընդհանրապես մենք պահառուական ծառայություններ մատուցում ենք, սակայն կենսաթոշակային ակտիվների հետ այժմ չենք աշխատում», հավելեց Քլեմենցը:

Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակների նոր տարբերակը ուժի մեջ կմտնի 2014թ. հուլիսի 1-ից եւ կգործարկվի միայն պետական հատվածի աշխատողների համար (բացառությամբ զինվորականների, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցների եւ փրկարարների): Պետական ծառայողներից գանձված 5% պարտադիր սոցիալական վճարը կմուտքագրվի բյուջե, որից հետո կփոխանցվի կուտակային հաշիվներ: Սակայն մասնավոր հատվածը վճարումները կսկսի կատարել 3 տարի անց (2017թ. հուլիսի 1-ից): Բարեփոխումը հասարակությունում բուռն բացասական արձագանք է առաջացրել: