Սուրգութում տեղի ունեցած միջադեպը ազգամիջյան բնույթ չէր կրում: Այդ մասին NEWS.am–ի թղթակցին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:

Ինչպես հաղորդել է Գերման Անանյանցը, անմիջապես Սուրգութում ՌՀՄ բաժանմունք չկա, տեղեկությունը ճշտվել է Տյումենի բաժանմունքի միջոցով: «Ստացված տեղեկությունների համաձայն՝ ծեծկռտուք ու հրաձգություն է եղել: Պատճառը կենցաղային է՝ առանց էթնիկական երանգների»,- հայտարարել է Գերման Անանյանցը՝ չճշտելով, թե ինչ պատճառի մասին է խոսքը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն՝ հունիսի 30-ի գիշերը Սուրգութում երիտասարդների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Կոնֆլիկտը սկսվել է «Ռոսիչ» առեւտրի կենտրոնի մոտակայքում, որից հետո տեղափոխվել է «Պուշկինսկի» խանութի մոտ: Տեղեկությունների համաձայն՝ ծեծկռտուքին մասնացկել են ինչպես ռուսներ, այնպես էլ կովկասցիներ, այդ թվում նաեւ հայեր: ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունում պնդում են, որ մասնակիցներին ոստիկանություն են տեղափոխել: Նրանց խոսքով՝ հարձակման մասնակիցներն ազգայնական կարգախոսներ էին բացականչում ու ասում, որ իրենք «Խղճի» կողմից են: Պարբերականը վկայակոչում է Սուրգութի կովկասյան սփյուռքի ներկայացուցիչներին, ովքեր հայտարարում էին, թե զգուշացրել են քաղաքական վարչակազմին հնարավոր հարձակումների մասին, քանի որ վերջին կես տարում «Խղճի» անդամներն արդեն հրահրել են նման կոնֆլիկտներ: