ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանն այսօր` հունիսի 7-ին մեկնում է Ռուսաստան` Սուզդալ քաղաքում հունիսի 8-10-ը մասնակցելու ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) հերթական` 31-րդ նիստին:

Խորհրդի հերթական նիստում կքննարկվեն նախորդ` Հայաստանում տեղի ունեցած նիստի արձանագրությամբ ընդունված որոշումների կատարման ընթացքի, սպառողների շահերի պաշտպանության քաղաքականության իրականացման, համատեղ իրականացվող վարույթների արդյունքների մասին եւ մի շարք այլ հարցեր, տեղեկատվություն կտրվի վերջին երկու նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ եւ այլն:

ԱՊՀ ՀՔՄԽ 31-րդ նիստի ընթացքում զեկույցով հանդես կգա նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը: Զեկույցի թեման է «Հայաստանում իրականացվող Հակամենաշնորհային քաղաքականության վերլուծությունը եւ առաջարկություններ դրա կատարելագործման ուղղությունների վերաբերյալ` հաշվի առնելով ԱՊՀ անդամ երկրների լավագույն փորձը»:

Հայաստանի պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Վահան Եզիազարյանը եւ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գեւորգյանը: