Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դադարեցրել է Դոնբասում միակողմանի հրադադարի ռեժիմի գործողությունը, հայտնում է ՈՒՆՆ-ը` վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությունը:
Այդպիսով հունիսի 20-ին նախագահի կողմից հռչակված եւ մինչեւ հունիսի 30-ի 22.00-ն երկարացված հրադադարի ռեժիմն ավարտված է:
«Մենք առաջ կշարժվենք եւ կազատենք մեր երկիրը: Հրադադարի ռեժիմը չերկարաձգելը մեր պատասխանն է ահաբեկիչներին, գրոհայիններին, թալանչիներին, բոլոր նրանց, ովքեր ծաղրում են խաղաղ բնակչությանը, ովքեր կաթվածահար են անում տարածաշրջանի տնտեսության աշխատանքը, ովքեր խափանում են աշխատավարձերի, թոշակների, կրթաթոշակների վճարումները, ովքեր պայթեցնում են երկաթգծերը, ավերում ջրատարները, ովքեր զրկել են մարդկանց բնականոն խաղաղ կյանքից», - նշել է նախագահը` ժողովրդին ուղղված իր խոսքում:





























