ԱՄՆ-ի Պետդեպը Հյուսիսային Կորեայից պահանջում է ազատել ամերիկացի ձերբակալված քաղաքացիներին: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտնել է, որ շվեդ դիվանագետները, ովքեր Փհենյանում ԱՄՆ-ի շահերն են ներկայացնում, հյուպատոսական թույլտվություն են ստացել ամերիկացիներ Մեթյու Միլլերի եւ Ջեֆ Ֆոուլի հետ տեսակցելու: Նա նաեւ Փհենյանից պահանջել է անհապաղ ազատել ԱՄՆ-ի եւս մեկ քաղաքացու՝ Քեննեթ Բեյին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ Պսակին հավելյալ տեղեկություններ չի հայտնել Միլլերի եւ Ֆոուլի ձերբակալության, նաեւ ՝ նրանց կալանավորման պատճառների մասին:
Հիշեցնենք, Հյուսիսային Կորեայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ Միլլերը եւ Ֆոուլը, ովքեր երկրում էին զբոսաշրջային վիզաներով, կալանավորվել են «երկրի տարածքում թշնամական գործողությունների համար»: Բեյը 2013թ. դատապարտվել էր 15 տարվա ուղղիչ աշխատանքների՝ կառավարությանը պաշտոնանկ անելու նպատակով ծայրահեղական գրականություն տեղափոխելու համար:





























