Թուրքիայի եւ Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությունների միջեւ  ստորագրվել է Ադրբեջանից Թուրքիա եւ Թուրքիայի միջոցով Եվրոպա  տեղափոխվելիք գազի վերաբերյալ 3 համաձայնագիր։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկար ժամանակ տեւող գազային բանակցություններն ավարտվել են, եւ հունիսի 7-ին ստորագրվել է գազային 3  համաձայնագիր, որով որոշվել է ադրբեջանական «Շահդենիզ-1» հանքահորից ստացվող գազի գինը, ինչպես նաեւ «Շահդենիզ-2» հանքահորից գազի գնման եւ NABUCCO-ին տրվելիք գազի ծավալը։

Ստորագրությունից հետո Թուրքիայի Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ համաձայնագրերում կան կարեւոր կետեր, մասնավորապես՝ ներկայացված է գների մեխանիզմը, թե հարկ եղած դեպքում ինչպես կարգավորել գազի գինը։

Ըստ Թաներ Յըլդըզի՝ թե՛ գազի ծավալի, թե՛ գնի խնդրում մինչեւ 2018 թվականը համաձայնություն է կայացվել։ «Ադրբեջանական գազը շատ կարեւոր է Թուրքիայի եւ եվրոպական երկրների կարիքների համար։  Սա երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման եւս մեկ համաձայնագիր էր»,-նշել է Թուրքիայի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարարը։

Նշենք, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո լարված թուրք-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին Թուրքիան չէր կարողանում համաձայնության հասնել Բաքվի հետ գազի գնի եւ ծավալի հարցում։ Միեւնույն ժամանակ հարցականի տակ էր դրվել նաեւ NABUCCO-ին ադրբեջանական գազ տրամադրելու խնդիրը։  Ադրբեջանը, համոզվելով, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորի առանց Ղարաբաղի խնդրի կարագավորման,  գազի  խնդրում Թուրքիայի հետ համաձայնության եկավ։