Գյումրին սեյսմակայունության առումով Հայաստանի ամենաապահով քաղաքներից մեկն է եւ Լոռու մարզում հուլիսի 6-ին տեղի ունեցած երկու երկրաշարժերից հետո ցնցումների հնարավոր կրկնությունը չի կարող վտանգավոր լինել մեծությամբ երկրորդ քաղաքի համար։ Այս մասին NEWS.am-ին ասաց Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային  ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը՝ նշելով, որ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո Գյումրիում շենքերն այնքան ամուր են կառուցվել, որ կդիմանան անգամ ուժեղ երկրաշարժերին։

«Հայաստանում Գյումրին համարվում է սեյսմիկ տեսանկյունից ամենաապահով քաղաքներից մեկը: Եթե ուժեղ երկրաշարժ լինի, մեր քաղաքին լուրջ վնաս չի հասցվի»-ասաց Սերգեյ Նազարեթյանը:

Նրա խոսքով՝ խուճապը, որ առաջացել է Վանաձորի երկրաշարժից հետո, անհիմն է, եւ երկրաշարժը ոչ թե գուշակություններով են կանխատեսում, այլ մասնագիտական լուրջ հետազոտություններով։

«Եղունգը նայել ասելով հո չէ՞, չի կարելի մարդկանց հոգեբանության ու նյարդերի հետ խաղալ, առանց այն էլ մի աղետ արդեն տեսած ժողովուրդ են։ Եթե լուրջ  լինեին այդ տեղեկությունները, մենք առաջինը բնակչությանը կզգուշացնեինք։ Մեկը մի բան ասում է, մյուսներն էլ՝  ավելացնում։ Փոխանակ փորձագետներին լսեն, ամեն մեկն իր ինքնագործունեությունն է անում, ու խնդրեմ՝ արդյունքն այս խուճապն է»։

Մասնագետի խոսքով՝ առաջիկայում Գյումրիում ուժեղ  երկրաշարժ  չի սպասվում, թույլ երկրաշարժեր միշտ էլ կարող են լինել, որոնք սակայն մտահոգվելու պատճառ չեն։ Ըստ Նազարեթյանի՝ Գյումրիում մի պահ առաջացած խուճապն արդեն անցել է, մարդիկ հանգստացել են։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին առավոտյան ժամը 11։38-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Վանաձորում, էպիկենտրոնը՝ քաղաքից 7 կմ դեպի հյուսիս։ Նույն օրը գիշերը ժամը 03։30-ի սահմաններում նորից երկրաշարժ էր գրանցվել Վանաձորում, այս անգամ 4-5 բալ ուժգնությամբ։