Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունից հետո երեք ամսվա ընթացքում քննչական մարմինները նրա հակաիրավական գործունեության վերաբերյալ ոչ մի ապացույց չեն գտել, որոնք կհամապատասխանեին 274 հոդվածով նախատեսված մեղադրանքին. «պետական դավաճանություն» կամ այլ հանցագործություն: Այս մասին haqqin.az-ին ասել է Միրկադիրովի փաստաբան Ֆուադ Աղաեւը:
Նման իրավիճակում փաստաբանը քննչական մարմիններին խորհուրդ է տալիս գոնե այս փուլում փոխել լրագրողի խափանման միջոցը:
«Հուլիսի 19-ին ավարտվում է Ռաուֆ Միրկադիրովի կալանքի եռամսյա ժամկետը, եւ օրինական որոշումը պետք է լինի գործի քննության դադարեցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- վստահ է փաստաբանը:
Բացի այդ, առաջիկա օրերին երկրի հայտնի դեմքերը պատրաստվում են դիմել իրավապահ մարմինների ղեկավարությանը՝ խափանման միջոցը փոխելու խնդրանքով:
«Հետաքննությանը խորհուրդ եմ տալիս չտանջել ո՛չ իրեն, ո՛չ մարդկանց եւ դադարեցնել այս գործը: Նրանք կարող են հարցաքննել թեկուզ հազար հոգու, բայց այդ ոչինչ չի փոխի, քանի որ այդ վարկածի օգտին ոչ մի փաստ չկա: Փոխարենը կան փաստեր, որ երկար ժամանակ մամուլից հեռացվել է երկրի լավագույն լրագրողներից մեկը, միանշանակ հայկական, դե՝ նաեւ ռուսական «միացում» գաղափարի համար պայքարողների ամենալավ ընդդիմախոսը: Իսկ եթե ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունից հետո փակվեց «Զերկալո» թերթը, որը չէր վայելում ռուսական իշխանությունների բարեհաճությունը, հատկապես վերջին տարիներին, դժվար չէ պատկերացնել, թե ում է այդ ձեռնտու: Ինչ վերաբերում է հետաքննական մարմնին, ապա բազմիցս հարց է առաջանում. իսկապե՞ս այն Ադրբեջանի հանրապետության պետական մարմինն է: Չի կարելի այդքան հաճախ, իսկ որոշ դեպքերում՝ պարզապես հրեշավոր կերպով (այդ հատկապես վերաբերում է Ռ.Միրկադիրովի գործին) խախտել մարդու իրավունքները: Մոտ ժամանակներս ես մտադիր եմ հանդիպել իմ պաշտպանյալի հետ եւ քննարկել նաեւ ստեղծված իրավիճակը»,- ասել է փաստաբան Ֆուադ Աղաեւը:
Հիշեցնենք, որ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:





























