Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ աշխատելու որեւէ հրավեր չի ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զոհրապ Եգանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե շուտով նշանակվելու է վարչապետի մամուլի խոսնակ:

«Որեւէ հրավեր կամ խոսակցություն չեմ ունեցել վարչապետի հետ: Ժամանակ առ ժամանակ լինում են առաջարկներ տարբեր աշխատանքների, կոնկրետ այս դեպքում պաշտոնական խոսակցություն չի եղել: Այս պահին արձակուրդում եմ եւ շարունակում եմ մնալ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ: Բայց նշեմ, որ որպես քաղաքացի՝ բավականին դրական եմ վերաբերվում Հովիկ Աբրահամյանի գործունեությանը»,- ասաց նա:

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը հուլիսի 8-ին գրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջապես կայացրել է մամուլի խոսնակի իր ընտրությունը. խոսնակի որոնումները ի վերջո հանգել են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանի թեկնածության վրա: