Հայաստանյան ընդդիմությունը ունակ չէ իրավիճակ փոխել երկրում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, մամուլի ասուլիսում նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով՝ դա բացատրվում է նրանով, որ մի կողմից, 2012-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում երկրում ձեւավորվել է մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, մյուս կողմից ընդդիմադիր ուժերը չեն կարողանում գրագետ ձեւով օգտագործել կուտակված հասարակական դժգոհությունը: Այսպիսով, իրերի ներկա դրությունը, ըստ փորձագետի, կարող է փոխվել կամ 2017-ին, երբ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրություններ, կամ ֆորս-մաժորային իրավիճակում:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակը (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») 12 կետից բաղկացած պահանջներ է ներկայացրել իշխանություններին: Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը,  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: