Կառավարությունը հրաժարվում է համաներում շնորհել նախկինում տուգանքներ ստացած եւ չվճարած վարորդներին, ինչպես նաեւ դադարեցնել տեսանկարահանող սարքերով երթեւեկության կանոնների խախտումների գրանցումը։ Տուգանքների, արագաչափերի եւ կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողներին տեղեկացրին, որ կառավարությունը մեկ շաբաթ առաջ պատասխանել է իրենց պահանջագիր-նամակին, որում գրել է, որ տույժերի համաներումը նպատակահարմար չի համարում։

Նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը նշեց, որ իրենք տեղյակ չեն, թե ինչ  հասարակական կազմակերպություններ են ընդգրկվել կառավարության ստեղծած աշխատանքային խմբում եւ ում շահերն են նրանք պաշտպանում։ Այնուամենայնիվ, նախաձեռնության անդամների կարծիքով, այս խմբի նախաձեռնումն արդեն վկայում է, որ կառավարությունը ընդունել է իր սխալը։

«Դրա մասին է վկայում նաեւ, որ նրանք նվազեցրին սահմանվող տուգանքների չափերը, այսինքն՝ որոշ զիջումների նրանք գնացին»- ասաց Արմեն Եփրեմյանը՝ նշելով, որ իրենց գերխնդիրը մնում է տուգանքների համաներումը եւ տեսախցիկներով գրանցվող տուգանքների վերանայումը, քանի որ տուգանքները համարժեք չեն քաղաքացիների եկամուտներին։

Նախաձեռնության անդամները նշեցին, որ աշխատանքներ են ձեռնարկել Սահմանադրական դատարան դիմելու համար՝ պարզելու՝ արդյոք իրավաչափ են քաղաքի տարբեր երթեւեկելի հատվածներում մասնավոր ընկերության կողմից գծված կարմիր գծերը, նաեւ տուգանքները չվճարելու դեպքում քաղաքացիների բանկային հաշվեհամարները կալանքի տակ առնելը։

«Ստացվում է, որ մարդն անազատության մեջ է գտնվում, եթե չունի ոչ մի դրամական շարժ կատարելու հնարավորություն։ Նույնիսկ եթե դրսից գումար ուղարկեն, այդ մարդն իրավունք չունի օգտվել այդ գումարից»,- ասաց Արմեն Եփրեմյանը։ Նախաձեռնությունը համագործակցում է ՄԻՊ-ի հետ եւ Սահմանադրական դատարան դիմելու է Օմբուդսմենի գրասենյակի միջոցով։

Նախաձեռնության անդամները քաղաքացիներին հորդորում են դատարանները հեղեղել իրենց դիմումներով։ «Ովքեր ցանկանում են բողոքել, կարող են համապատասխան դիմումի ձեւը վերցնել «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից։ Ուղղակի մեր քաղաքացիները պիտի չալարեն եւ սկսեն պաշտպանել իրենց իրավուքները»,- ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը։

Նախաձեռնության անդամները նշեցին, որ տեսանկարահանող սարքերի թիվը վերջին 10 օրերի ընթացքում քաղաքի տարբեր հատվածներում զգալիորեն ավելացել են։

«Ադրբեջանը տանկեր է ավելացնում, մենք՝ արագաչափեր»,-  նկատեց նախաձեռնության անդամ Արթուր Կռոյանը։

Լրագրողների հարցին՝ արդյոք նախաձեռնությունը պատրաստվում է մասնակցել «Օրինաց երկիր» կուսակցության առաջիկա հանրահավաքին նախաձեռնության անդամները պատասխանեցին, որ ի սկզբանե իրենց նախաձեռնության հիմնական պայմանը եղել է այն, որ ոչ մի քաղաքական կուսակցությունների չմիանան, իսկ քաղաքական ուժերը, եթե ցանկություն ունեն, կարող են միանալ իրենց։

«Ամբողջ սեւ գործը մենք հանրության մեջ անում ենք, իսկ ՕԵԿ-ը, Քառյակը, յուրաքանչյուրը Ազգային ժողովում ունի իր տեղը եւ կարող է տարբեր հարցերի հետ կապված ստորագրել կամ մակագրել»,- ասաց Արմեն Եփրեմյանը։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հաջորդ ակցիան տեղի է ունենալու հուլիսի 17-ին՝ ժամը 12։30-ին, որից հետո կսկսվեն նաեւ մարզային այցելությունները։