Ռուսաստանը քանիցս ցույց է տվել, որ հանուն քաղաքական շահերի պատրաստ է  զոհաբերել իր դաշնակցին: Հուլիսի 9-ի մամուլի ասուլիսում նման տեսակետ է հայտնել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝  մեկնաբանելով ԵՏՄ կազմավորման գործընթացը:

Ըստ նրա՝ Մոսկվան ամեն կերպ ձգտում է կառույցում ընդգրկել Ադրբեջանին՝ խաղարկելով «ղարաբաղյան խաղաթուղթը»:

Սակայն, ըստ Հայրիկյանի, Բաքուն, ի տարբերություն Երեւանի, չի շտապում ինտեգրվել, քանի որ այնտեղ լավ են հասկանում, որ Ռուսաստանը միջազգային թատերաբեմում ազդեցիկ խաղացող չէ եւ նրա հետ հույսեր կապելու դեպքում հետո կարող են պատասխան տալ:

Ընդդիմադիրն անդրադարձել  է նաեւ ռուսական զենքն Ադրբեջանին վաճառելու հարցին: «Մոսկվայում ասում են, որ սա պարզապես բիզնես է: Երեւում է՝ ֆրանսիացիները բիզնեսից ոչ մի բան չեն հասկանում, որովհետեւ  Բաքվին զենք վաճառելու էմբարգո է գործում», - նկատել է Հայրիկյանը: