ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Հերմինե Նաղդալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր՝ հուլիսի 10-ին, դրվել է շրջանառության, ինչը նշանակվում է, որ քաղաքացիների բանկային հաշիվներին արգելանք է դրվելու այն չափով, ինչքան որ տուգանքն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

««Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է փոխհատուցել պարտապանին պատճառված վնասը եւ բաց թողնված օգուտը»:

Սա նշանակում է, որ եթե որեւէ քաղաքացի ունի, օրինակ, 10.000 դրամի պարտավորություն, ապա բանկը կարող է նրա հաշվին արգելանք դնել միայն այդ չափով եւ ոչ մի դրամ ավելի: Հաշվի վրա եղած գումարների ամբողջական սառեցում չի թույլատրվում: Հակառակ դեպքում, բանկը պարտավոր կլինի հատուցել քաղաքացուն պատճառված վնասը եւ բաց թողնված օգուտը»,- ասվում է գրառման մեջ:

Նշենք, որ վերջերս շատ քաղաքացիներ են բողոքում, որ իրենց բանկային հաշիվները սառեցվում են ոչ տուգանքներին համապատասխան չափով: