Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում այցելել է քաղաքապետարանի ենթակայության թիվ  69 մանկապարտեզ, որտեղ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս մանկապարտեզը մեկն է մայրաքաղաքի այն 23 նախադպրոցական ուսումնական հաստատություններից, որտեղ Երեւանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով իրականցվում են հիմնանորոգման եւ մասնակի նորոգման աշխատանքներ:

Վարչական շրջանի ղեկավարի եւ մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է հարակաբաժիններով եւ հետեւել աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները, քաղաքապետին ներկայացնելով կատարվող աշխատանքները, զեկուցել են, որ ամբողջությամբ հիմնանորոգվում են մանկապարտեզի սանհանգույցները, խոհանոցը, ինչպես նաեւ միջանցքներն ու տանիքը: Իրականացվում են դռների ու պատուհանների փոփոխման եւ այլ աշխատանքներ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունը: Զուգահեռ սահմանված է նաեւ տեխնիկական հսկողություն: Պատասխանատուները նաեւ վստահեցրել են, որ աշխատանքները կավարտվեն մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Ծանոթանալով մինչ օրս կատարված աշխատանքներին՝ քաղաքապետը տեղում հանձնարարել է առաջնահերթ հետեւել աշխատանքների որակի ապահովմանը:

«Ամեն տարի համայնքային բյուջեից մենք հատուկ միջոցներ ենք հատկացնում մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների համար: Սա շատ կարեւոր ծրագիր է, որի արդյունքում մենք երեխաների համար ապահովում են առավել հարմարավետ պայմաններ: Առաջիկա տարիներին եւս մենք կշարունակենք այս ուղղությամբ մեր ծրագրերը եւ, ինչպես ջեռուցման ապահովման ծրագրի դեպքում, կունենանք ամբողջությամբ վերանորոգված ու անհրաժեշտ բոլոր հարմարություններով ապահովված նախակրթարաններ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը: