Վայոց Ձորի Արենի գյուղի բնակչուհի, երկու երեխաների մայր, 29-ամյա Աննա Մարգարյանի մոտ հայտնաբերվել է բարձր ագրեսիվությամբ լիմֆոմա. բուժումը կատարվում է միայն Իսրայելում, սակայն այս դեպքում էլ ընտանիքին առնվազն 32 հազար ԱՄՆ դոլար է անհրաժեշտ: NEWS.am-ի հետ զրույցում Աննայի ամուսինը՝ Հմայակ Դավթյանը, պատմեց, որ կնոջ հիվանդությունը զարգացել է վերջին երկու ամիսների ընթացքում:

«Հղիության առաջին ամիսներին՝ հունվարին, թեթեւ ցավեր ուներ, դրանից հետո ուժեղ ալերգիա ունեցավ, իսկ հետո արդեն կրծոսկրի շրջանում ուռուցք առաջացավ: Սկզբում բժիշկները հստակ չէին ասում, թե ինչից է, մի քանի հետազոտություններից հետո պարզ դարձավ, որ լիմֆոմա է, այն էլ բարձր ագրեսիվությամբ զարգացող: Աննային ստիպված 6 ամսական հղիության ժամանակ կեսարյան արեցին, որ աղջկաս՝ Լիային փրկեն: Դա մայիս ամիսն էր»,- ասաց նա:

Աննան երկու դուստր ունի՝ 7-ամյա Մարին եւ երկու ամսական Լիան: Երկրորդ բալիկի ծնվելուց հետո Հմայակը կնոջը տարել է Իսրայել, որտեղ բուժման երկու կուրս է ստացել՝ քիմիաթերապիա եւ մապտերա:

«Այդ ժամանակ մարդիկ օգնեցին, բանկից վարկ վերցրի, կնոջը տարա Իսրայել: Բայց վերջնական բուժման համար եւս 4-6 կուրս է անհրաժեշտ՝ ընդհանուր 32-48 հազար ԱՄՆ դոլար»,- ավելացրեց նա:

Բուժման հերթական կուրսը հուլիսի 16-ին է: Աննա Մարգարյանին օգնելու համար ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար:

AMD 16040064747700

USD 16040064747701

EUR 16040064747702

RUR 16040064747703