Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ հուլիսի 10-ին, պաշտոնական այցով մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսվում է Տարոն Մարգարյանի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ստեփանակերտի քաղաքապետարանում տեղի կունենա երկու քաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերով նախատեսված աշխատանքների ընթացքը:

Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտին նվիրաբերած Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների պատրաստած 7 տուֆակերտ քանդակների բացման արարողությունը, որոնք տեղադրվել են ԼՂՀ մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը կայցելի նաեւ ԼՂՀ Մարտունի քաղաք, կհանդիպի Մարտունու քաղաքապետի հետ։ Հանդիպման ընթացքումում կքննարկվեն Մարտունու եւ Երեւանի վարչական շրաջանների միջեւ գործընկերային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր:

 Նախատեսվում է նաեւ Երեւանի քաղաքապետի այց ԼՂՀ ՊԲ զորամասեր, որտեղ Տ. Մարգարյանի կհանդիպի երեւանաբնակ ժամկետային զինծառայողների հետ:

Այցի շրջանակում Երեւանի քաղաքապետը մեկ օր կանցկացնի վրանային ճամբարում՝ մայաքաղաքից ԼՂՀ մեկնած մարզաառողջարարական հետիոտն ճանաչողական արշավի մասնակիցների հետ: