Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ուժեղ քամուց տուժած բնակիչները բողոքում են, որ կառավարության հատկացրած 20 մլն դրամով էլ իրենց հարցը չի լուծվում. պետությունը տրամադրել է միայն թիթեղներ, իսկ տանիքները վերանորոգելու համար նաեւ փայտյա կոնստրուկցիաներ են հարկավոր, որոնք բավականին թանկ արժեն:
«Մեզ բերեցին ու հանձնեցին թիթեղներ ու եվրոպատուհաններ: Հիմա շատերն արդեն եվրոպատուհանները տեղադրում են, բայց կտուրները դեռ նույն վիճակում են: Դե խնդիրն այն է, որ մեզ թիթեղներ են տվել, բայց միայն թիթեղով հարցը չի լուծվում, փոթորիկը շատ կտուրների ոչ միայն թիթեղներն է պոկել, այլ նաև դրանք պահող փայտյա կոնստրուկցիաները, դրանք առնելը, տեղադրելն ու արհեստավորի գումարը միլիոնների է հասնում, ու շատերս դեռ շարունակում ենք նույն վիճակում ապրել։ 20 միլիոնը հարցի լուծում չէ»,- NEWS.am-ին պատմեց Վարդենիսի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:
Նրանց խոսքով՝ արդեն 15 օր է՝ իրենք ոչ ինտերնետ ունեն, ոչ էլ հեռախոսակապ:
«Էլեկտրահաղորդման լարերը, սյուները շրջվել էին քամուց հետո: Մինչ այսօր «ԱրմենՏել»-ից մի հատ չեն եկել ու սարքել էդ լարերը, անտարբերություն է»,- բողոքեց վարդենիսցիներից մեկը:
Նշենք, որ կառավարությունը հուլիսի 3-ին էր որոշում կայացրել վարդենիսցիներին տրամադրել 20 մլն դրամ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 29-ին Վարդենիսում ուժեղ հողմ էր գրանցվել, ինչի հետեւանքով ամբողջությամբ պոկվել էին 10 տների, մասնակիորեն՝ 90 տների կտուրներ, ջարդուփշուր էին եղել ապակիներ, շրջվել էր 20-ից ավելի էլեկտրասյուն, վնասվել էր նաեւ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը: Հուլիսի 3-ին կառավարությունը որոշեց 20 մլն դրամ հատկացնել տուժած վարդենիսցիներին:





































