ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել Դոնբասի ենթակառուցվածքի վերականգնման ֆինանսավորման հնարավորությունը՝ Սլավյանսկի եւ Կրամատորսկի բնակչությանը օգնություն ցուցաբերելու Գերմանիայի նախաձեռնության համաբանությամբ։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցում նման մտադրություն է հայտնել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը։ Նա նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ջանքեր գործադրել՝ Ուկրաինայի միջազգային ֆինանսական ինստիտուտների աջակցությունն ընդլայնելու համար։

Պորոշենկոն նշել է, որ այսօր Ուկրաինայի իշխանությունը զգալի ուշադրություն է դարձնում ազատագրված քաղաքներում կենսապայմանների պատշաճ վերականգնմանը, մասնավորապես՝  ջրամատակարարումը եւ էլեկտրամատակարարումն ապահովելուն, հեռուստա- եւ ռադիոհեռարձակմանը,  որոնք ավերել կամ վնասել են գրոհայինները։

Ի պատասխան՝ Բայդենը  «հիացել է Ուկրաինայի  տոկունությամբ եւ գործողություններով եւ վստահեցրել, որ ԱՄՆ-ի կողմից հետագա աջակցությունը կշարունակվի», — նշում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։