ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է  արտասահմանյան  պետությունների առաջնորդների նկատմամբ իրականացվող գաղտնալսումները՝ անդրադառնալով ԱՄՆ –ի եւ Գերմանիայի միջեւ ծագած լրտեսական սկանդալին։

«Սա ոչ միայն բացահայտ երեսպաշտություն է դաշնակիցների եւ  գործընկերների նկատմամբ, այլեւ ուղղակի ոտնձգություն պետական ինքնիշխանության նկատմամբ եւ մարդու իրավունքների խախտում, միջամտություն մասնավոր կյանքին», — հայտարարել է Պուտինը լատինամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ Կուբա, Արգենտինա եւ Բրազիլիա այցի նախօրեին, փոխանցում է  BBC-ն։

Հիշեցնենք, ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսել էր Բեռլինում ԿՀՎ-ի ղեկավարին՝ ԱՄՆ-ի օգտին գերմանացի քաղաքացիների լրտեսության վերաբերյալ կասկածանի կապակցությամբ։

Անցյալ շաբաթ  լրտեսության կասկածանքով  ձերբակալվել էր Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցը, որից հետո  պաշտպանության նախարարության պաշտոնյայի գործունեության քննություն էր սկսվել։ Երկու երկրների հարաբերությունները լարվել էին անցյալ տարի, երբ պարզվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը գաղտնալսվում է ԱՄՆ ԱԱԳ-ի կողմից։