«Իրավունք» թերթը գրում է. «Գնալով տրագիֆարսի է վերածվում Բնապահպանության նախարարության նոր նախարարի վարած կադրային քաղաքականությունը։ Վերջինիս թեթեւ ձեռքով շարունակվում է տարիների վաստակ ունեցող, իրենց գործը գերազանց իմացող աշխատակիցներից ամեն գնով ազատվելու եւ սեփական, չգիտես որտեղից պեղած, բայց ոլորտից բացարձակապես գաղափար չունեցող կադրերով իրեն շրջապատելու գործընթացը։ Եվ, ըստ լուրերի, այս ամենը իրագործելու համար նախարարը մշակել է յուրօրինակ սցենար. Իր մոտ է կանչում աշխատանքից ազատելու հերթական թեկնածուին, ամբարտավան տոնով հարձակվում է նրա վրա, որից հետո իրեն հարգող աշխատակիցը ազատման դիմում է գրում։
Եվ եթե նախորդ նախարարների օրոք աշխատանքից ազատում էին միայն կազմակերպության ղեկավարներին, այն էլ երբեմն, սա չի խորշում ընդհուպ հավաքարարների կադրային խնդիրները լուծելուց, եւ հենց դրա համար է, որ նախարարության ազատված եւ դեռեւս աշխատող աշխատակիցները նրան «մեծարում են» «Արամայիս՝ հացին վայիս» «բարձր» տիտղոսով։ Ասում են նաեւ, որ նախարարն այս համատեքստով է գործել նաեւ ՏՎԿ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի տեղակալի դեպքում, եւ ինչպես հայտնի է՝ այդ միջադեպը դարձավ մեծ սկանդալի թեմա եւ շարունակվում է մինչեւ այսօր (նախարարի թիկնապահ վարորդի վրա քրեական գործ է հարուցվել՝ փոխտնօրենին դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ)։ Եւ զավեշտալին այն է, որ դեռ այդ փոխտնօրենից չազատված՝ արդեն նրա փոխարեն ընդունել են չորս նոր աշխատակից (բա ինչ անի խեղճը, կադրերը գյոլ են տվել)՝ երկու փոխտնօրեն բարձր աշխատավարձով եւ եւս երկու այլ աշխատակիցներ, ու այս ամենը սահմանափակ ֆինանսավորման պայմաններում։ Սրա արդյունքում աշխատողների՝ հուլիսի մեկից ապասվող աշխատավարձը բարձրանալու փոխարեն մի բան էլ նվազել է, ինչն այս դեպքում նմանվում է կառավարության որդեգրած ծրագրին խոչընդոտելու եւ, ինչպես ռուսը կասեր՝ սաբոտաժի»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























