Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են նաեւ 2014թ. առաջին կիսամյակի աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների ղեկավարներ, հանձնաժողովի կազմում եղած ու նոր ընդգրկված հասարակական կազմակերպությունների նախագահները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Մինչ օրակարգին անցնելը, «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը հանձնաժողովի նախագահին է փոխանցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված շնորհակալագիրը` անհատույց օգտագործման իրավունքով Էրեբունի վարչական շրջանում իրենց կազմակերպությանը տրամադրված տարածքի համար: Այնուհետ քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել վերջին եռամսյակում իրականացված աշխատանքների համառոտ հաշվետվությամբ: Ըստ այդմ, մայրաքաղաքում շարունակվում են հատուկ կարիքներ ունեցող մարդկանց սոցիալական աջակցության բազմաբնույթ ծրագրերը, այդ թվում գործում են 18 բարեգործական ճաշարաններ`520 շահառուներով:
Կարեւորագույն բաղադրիչներից է նաեւ մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով կահավորելու ծրագիրը, որի ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ մասնավոր ընկերությունների միջոցներով: Նշվել է, որ մինչեւ տարեվերջ թեքահարթակների թիվը երեւանյան փողոցներում կավելանա եւս 185 -ով: Ընդ որում, թեքահարթակներով կկահավորվեն նաեւ մայրաքաղաքում հիմնանորոգվող թվով 23 փողոցները: Հաշմանդամներին ուղղված սոցիալական կարեւորոգույն նախաձեռնություններից էր վերջերս Երեւանի ավագանու որոշմամբ հաշմանդամների ու նրանց հավասարեցված անձանց ավտոկայանատեղիների տեղական տուրքերի վճարումից ազատելը: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը զեկուցել է, որ դրան զուգահեռ ընթանում են ավտոկայանատեղիներում հաշմանդամների տրանսպորտային միջոցների կայանման համար անհրաժեշտ կահավորման աշխատանքները: Բացի այդ, մինչեւ տարեվերջ հատուկ վերելակներ կտեղադրվեն տարբեր երթուղիների թվով 10 ավտոբուսներում: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ վերջին տարիներին համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ շատ արդյունավետ է, ինչի վկայությունը կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերն են: ՀԿ-ների ղեկավարները հանդես են եկել նաեւ նոր առաջարկներով, որոնք հանձնաժողովի նախագահի եւ անդամների կողմից ընդունվել են ի գիտություն: Հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ կատարված աշխատանքների մասին պարբերաբար զեկուցվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, եւ վստահեցրել, որ համայնքային բյուջեից հաշմանդամների խնդիրների լուծմանն ուղղված բոլոր ծրագրերը կֆինանսավորվեն 100 տոկոսով:





























