ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին մասնակցել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված եւ Ստեփանակերտին նվիրաբերված 7 տուֆակերտ քանդակների հանդիսավոր բացմանը:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ կյանքի կոչված այս ծրագիրն իրականացվել է Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանների միջեւ հաստատված համագործակցության շրջանակում:

Տուֆակերտ 7 քանդակներից յուրաքանչյուրն առանձնակի խորհուրդ ունի, ինչը նկատել են նաեւ հանդիսավոր բացման բոլոր  մասնակիցները: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ընդգծել է, որ դրանք բոլորը միասին վերցրած, ըստ էության, Ստեփանակերտում Երեւանի միասնական ներկայության եւս մեկ գեղեցիկ վկայությունն են լինելու: Տուֆակերտ քանդակները տեղադրվել են Ստեփանակերտի տարբեր հատվածներում՝ ըստ թեմատիկ առանձնահատկության։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հանդիսավորությամբ բացված «Կժով կինը» քանդակը, մասնավորապես, տեղադրվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հարեւանությամբ: Առանձնակի կարեւորելով քոլեջի մասնակցությունն այս նախաձեռնությանը՝ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանն էլ իր հերթին նշել է, որ քանդակներից յուրաքանչյուրը ստեղծելիս, քոլեջի սաներն իսկապես հոգի են դրել դրանց մեջ եւ վստահեցրել է, որ Ստեփանակերտի հետ նման համագործակցությունը լինելու է շարունակական:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին գեղեցիկ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար՝ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը իր եւ բոլոր ստեփանակերտցիների անունից վստահեցրել է, որ բոլոր 7 քանդակներն էլ` «Կժով կինը», «Հաց», «Աքաղաղ», «Պտղաբերություն», «Արեգա», «Կատու» եւ «Եղնիկ», մշտապես կգտնվեն Ստեփանակերտի քաղաքապետարանի ուշադրության եւ խնամքի ներքո: