Այս տարվա աշնանը Հայաստանում դռները կբացի առաջին «Carrefour» սուպերմարկետը:  Այս մասին հուլիսի 11-ին Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ (Բաստիլի գրավման օրվա)  կազմակերպված տոնական մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Դիվանագետը հիշեցրել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդի ՀՀ այցի ընթացքում տարաբնույթ համաձայնագրեր էին ստորագրվել, այդ թվում՝ միջկառավարական պայմանագրեր: Ստորագրվել էին նաեւ ձեռնարկությունների մակարդակով համաձայնագրեր: «Ընդամենը երկու օր առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը  կայացավ շատ կարեւոր միջոցառում՝ ֆրանսիացի գործարարների մասնակցությամբ:

Հայ-ֆրանսիական բիզնես ակումբը Հոգաբարձուների խորհրդի նիստ անցկացրեց, որի ընթացքում Քրիստիան դը Նալը, ով «Carrefour» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում, ընտրվեց Հայ-ֆրանսիական բիզնես ակումբի նախագահ», - նշել է Անրի Ռենոն: Դեսպանը հավելել է, որ դրա նպատակը ոչ միայն հայ-ֆրանսիական տնտեսական կապերն ամրացնելն է, այլեւ այնպես անելը, որ տնտեսական  հարաբերությունները կարողանան հասնել այն մակարդակին, որում գտնվում են երկու երկրների քաղաքական հարաբերությունները:

Հիշեցնենք, մայիսի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այցելել էին «Carrefour» սուպերմարկետի շինհրապարակ, որը կբացվի «Yerevan Mall» առեւտրի կենտրոնում, եւ ծանոթացել աշխատանքների ընթացքին: