ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն արձագանքել է ԴԱՀԿ հայտարարությանը՝ բանկային արգելանքի մասին:
Նա Facebook-ի իր էջում, մսնավորապես, գրել է.
«Ծանոթացա ԴԱՀԿ իրավաբանական ծառայության ապահովման բաժնի տարածած հաղորդագրությանը: Մի քանի նկատառում ունեմ.
1. Անկասկած այս առումով օրենսդրական բաց առկա չէ, եւ ի դեպ հեղինակները դա չեն էլ պնդել:
Բացի այդ, ուզում եմ տեղեկացնել, որ օրենսդրական նախաձեռնությունները միայն օրենսդրական բացերի կարգավորման նպատակով չէ որ ներկայացվում են, այլ նաեւ տարընթերցումներից, կամայական մեկնաբանություններից եւ կիրառությունից խուսափելու նպատակով: Սա իմիջայլոց:
Քննարկվող օրենդրական նախաձեռնությունը հենց այդ ոլորտից է: Ուզում եմ վստահեցնել, որ մենք քաջատեղյակ ենք օրենքի 43-րդ հոդվածից, ինչպես նաեւ այլ հոդվածներից, որոնք հաղորդագրության մեջ մատնանշված չեն: Բայց քաջատեղյակ ենք նաեւ այդ հոդվածի կիրառման պրակտիկային: Փաստը այն է, որ բազմաթիվ քաղաքացիներ անհարմարություններ են կրել` չնայած օրենքի եւ հատկապես ԿԲ խորհրդի որոշման առկայությանը:
Օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնել խաղի կանոնները, եւ ոչ թե ԴԱՀԿ ծառայության համար, այլ հատկապես այլ մարմինների, որոնք կիրառում են այդ մարմնի որոշումը: Բացի այդ հստակ նախատեսված են նաեւ այդ մարմինների համար դրա չկատարման հետեւանքները: Չնայած ընդհանուր օրենդրական կանոններում դրանք եւս կան, սակայն այս տեսքով օրենքում ամրագրումը ավելի արդյունավետ է դարձնում խախտված իրավունքների պաշտպանությունը:
Եվ վերջում, մեջբերված ԿԲ խորհրդի որոշման առումով. որոշման բովանդակության մեջ արտացոլված խաղի հիմնական կանոնները ցանկալի է, որ լինեն օրենքով կարգավորված»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԴԱՀԿ-ն պատասխանել է ԱԺ մի խումբ պատգամավորների, այդ թվում Արփինե Հովվաննիսյանի հարցադրմանը, որը վերաբերում է քաղաքացիների բանկային հաշիվների վրա արգելանք կիրառելուն:
Այդ պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվել էր. Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ` կատարման ծախսերը: Նույն կարգավորումը վերաբերում է նաեւ վարչական ակտերով բռնագանձումներով վարույթներին՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասը:
Հավելենք նաեւ, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման ձեւանմուշի (Ձեւ 1) «Որոշեցի» մասում կոնկրետ նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը:
Այսինքն՝ վերը նշված խնդրի կարգավորման տեսանկյունից օրենսդրական բաց առկա չէ»:





























