Դեռահաս աղջիկները գտնվում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատանքի կիզակետում: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ եւ ՄԱԲՀ Գործադիր տնօրեն Դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինի՝ բնակչության համաշխարհային օրվա առթիվ արված ուղերձում:
Ուղերձում ասվում է.
«Այսօրվա 1,8 միլիարդ երիտասարդ մարդիկ հզոր ուժ են՝ թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն: Նրանք ձեւավորում են սոցիալական եւ տնտեսական իրողությունները, մարտահրավեր են նետում նորմերին ու արժեքներին եւ գցում են ապագա աշխարհի հիմքը:
Կառավարությունները եւ միջազգային հանրությունն ավելի ու ավելի մեծ չափով են գիտակցում բոլոր երիտասարդներին ռեսուրսներով եւ հնարավորություններով ապահովելու կարեւորությունը, որպեսզի նրանք, որպես անհատներ եւ քաղաքացիներ, լիարժեքորեն իրացնեն սեփական ներուժը: Նրանք ընդունում են, որ հանուն երիտասարդության արված ներդրումները եւ երիտասարդությանը մարդու իրենց իրավունքներից օգտվելու հնարավություն տալը ոչ միայն օժանդակում է հենց իրենց՝ երիտասարդներին, այլեւ կարող է օգնել նրանց երկրներին ժողովրդագրական օգուտներ քաղելու:
Մենք գիտենք, որ առողջ, կրթված, արդյունավետ եւ լիովին ներգրավված երիտասարդները կարող են օգնել կտրել սերնդեսերունդ ձգվող աղքատության շղթան․ նրանք նաեւ ավելի տոկուն են անհատական եւ հասարակական մարտահրավերներին դեմ հանդիման: Որպես հմուտ եւ տեղեկացված քաղաքացիներ, նրանք կարող են ավելի լիարժեքորեն սատարել իրենց համայնքներին եւ ժողովուրդներին:
Ողջ աշխարհում միլիոնավոր դեռահասների համար սեռական հասունացման շրջանը ոչ միայն փոփոխում է նրանց մարմինները, այլեւ խոցելի է դարձնում մարդու իրավունքների ոտնահարման տեսանկյունից՝ հատկապես սեռականության, ամուսնության եւ հղիության առումով: Միլիոնավոր աղջիկների անցանկալի սեռական հարաբերություն կամ ամուսնություն է պարտադրվում, ինչը մեծացնում է անցանկալի հղիությունների, վտանգավոր աբորտների եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում` ՄԻԱՎ-ի, ինչպես նաեւ ծննդաբերության հետեւանքով մահվան կամ հաշմանդամության վտանգը:
Սա է պատճառը, որ երիտասարդները, հատկապես դեռահաս աղջիկները, գտնվում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մեր աշխատանքի կիզակետում: Աշխատելով բազմաթիվ գործընկերների, մասնավորապես իրենց՝ երիտասարդների հետ, ՄԱԲՀ-ն առաջ է մղում այնպիսի քաղաքականություններ եւ ծրագրեր, որոնք ներդրումներ են բերում հանուն դեռահասների եւ երիտասարդության ու խթանում են նրանց համար դրական միջավայրի ձեւավորումը՝ նպաստելով համապարփակ սեռական դաստիարակության, ինչպես նաեւ որակյալ սեռական եւ վերարտադրողական առողջության ծառայությունների, այդ թվում, ընտանիքի պլանավորման հասանելիությանը, ինչպես նաեւ աջակցելով նրանց առաջնորդությանը եւ մասնակցությանը: Մենք այդ անում ենք՝ շեշտը դնելով աղքատ, առավելապես լուսանցք մղված եւ թերսպասարկվող դեռահաս աղջիկներին հասնելու վրա:
Այս բազմակողմանի ջանքերի միջոցով մեզ եւ մեր գործընկերներին տեսանելի է դառնում, թե որքան մեծ չափով սեռական եւ վերարտադրողական առողջության համար արված վաղ ներդրումները կարող են բարելավել երիտասարդների կյանքը եւ նպաստել նրանց հասարակությունների բարօրությանը: Կայուն ապագան կախված է տոկուն բնակչություն ունենալուց, ինչը չի կարող ձեռք բերվել առանց հանուն երիտասարդների արված ներդրումների: Երիտասարդները ոչ միայն կազմում են աշխարհի բնակչության մի ստվար հատվածը եւ արժանի են իրենց արդար բաժինը ունենալուն, այլեւ գտնվում են իրենց կյանքի կարեւորագույն փուլում, որը որոշիչ է նրանց եւ այդպիսով նաեւ նրանց ընտանիքների, համայնքների եւ հասարակությունների ապագայի համար:
Բնակչության համաշխարհային այս օրը ես հանձն եմ առնում ՄԱԲՀ-ի լիակատար աջակցությունն ուղղել այն բոլոր ջանքերին, որոնք սատարում են երիտասարդ մարդկանց ձգտումները եւ որոնք երիտասարդներին տեղադրում են ազգային եւ համաշխարհային զարգացման բուն սրտում»:





























