Երեւանի կենտրոնի «էլիտար» կառուցապատումը հանգեցնում է աղտոտման եւ գերտաքացման, հուլիսի 12-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը։

Նա նկատել է, որ արդեն հիմա ջերմաստիճանը կենտրոնում փոքր-ինչ ավելի բարձր է, քան ծայրամասերում։ Պատճառներն են խիտ կառուցապատումը, ջերմաստիճանի ցիրկուլյացիայի խախտումները եւ ջերմային արտանետումները։

«Այս ամենին զուգահեռ կրճատվում են կանաչ գոտիները, որոնք առանց այն էլ քիչ են մնացել», - հայտարարել է Դանիելյանը։

Ըստ նրա՝ իրավիճակը խորացնում է այն, որ Երեւանում օդային հոսքերը ծայրամասերից կենտրոն են շարժվում։  Հենց այդ պատճառով խորհրդային տարիներին այն ոչ պակաս աղտոտված էր, քան հյուսիսի եւ հարավի արդյունաբերական գոտիներինը։

«Այստեղ արդյունաբերություն չկար, բայց հենց այստեղ էին հանդիպում հյուսիսի եւ հարավի օդային հոսքերը։ Այստեղ էին սկսում օդային ռեակցիաները եւ թունավոր նյութեր էին գոյանում։

Այդ պատճառով կենտրոնը ձգտում էին որքան հնարավոր է շատ կանաչապատել։ Իսկ հիմա հակառակը, այն կառուցապատում են՝ չհասկանալով «ջերմության կղզու» բացասական ազդեցությունը քաղաքի եւ դրա բնակիչների համար», - հայտարարել է Դանիելյանը։