«Երեւանյան ամառ 2014» ծրագրի շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը եւ STR ակումբը մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կազմակերպել են Ավտո մոտո շոու ծրագիր, որի մրցութային մասում ցուցադրության են ներկայացվել  100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ ռետրո, տյունինգ, մոտոցիկլետներ, 4x4 of road ջիփեր եւ սպորտային մեքենաներ անվանակարգերում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե միջոցառման կազմակերպիչները նշել են, որ Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց ավտոմայրուղին  կատարյալ պայմաններ է ապահովում նման մրցաշարերի կազմակերպման համար: Հաղթողները պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետարանի եւ հովանավորների կողմից սահմանված մրցանակներով։ Ավելի ուշ մեկնարկել է «դրագ ռեյսինգի» մրցույթը։ Երեւանի քաղաքապետարանի եւ STR ընկերության նախաձեռնությամբ միջոցառման ընթացքում կազմակերպվել է բարեգործական ակցիա։ «Դրագ ռեյսինգի» մասնակից վարորդները հանգանակություն են  կատարել, որից հավաքված միջոցները  կուղղվեն աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։