Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ սահմանված ժամանակացույցով վարչական շրջաններում շարունակվում են փողոցների, բակերի եւ մայթերի ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ նախատեսված ծավալից արդեն ասֆալտապատվել է 485 հազար քմ մակերես:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հանձնարարվել է մեկ անգամ եւս գույքագրել երեսպատման սալիկների անկման վտանգ ունեցող բազմաբնակարան շենքերը եւ դրանք ներառել ընթացիկ տարվա բարեկարգման ծրագրում:

Անդրադառնալով շինհրապարակների կազմակերպման պայմաններին՝ հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել եւ հսկողություն սահմանել շինաշխատանքներ իրականացնող կազմակերպությունների կողմից հարակից տարածքների մաքրության ապահովման  ու աղբահանության պատշաճ կազմակերպման նկատմամբ: