Հայաստան ներմուծված ձմերուկներում չափից շատ նատրիտների պարունակություն չի հայտնաբերվել: Այս մասին հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը:

Նրա խոսքով, 2014 թվականի սկզբից Հայաստան ձմերուկ մեծ քանակությամբ չի ներմուծվել: «Այդ քիչ քանակությունը հիմնականում ներմուծվել է Իրանից եւ Վրաստանից, շատ քիչ էլ՝ Թուրքիայից»,- հավելեց Նիկոյանը: Ըստ նրա, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային կետերը ձմերուկի պարունակության մեջ խախտումներ չեն արձանագրել, այլապես թույլ չէին տա դրանք երկիր մտցնել:

Նատրիտների թույլատրելի չափի գերազանցում է հայտնաբերվել տեղական ձմերուկից վերցված որոշ նմուշներում, սակայն, ըստ պաշտոնյայի, ասել, որ ձմերուկի բերքի զանգվածային աղտոտում կա, չենք կարող: