ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր՝ հուլիսի 14-ին, տեղի է ունեցել պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2013-2014 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռոբերտ Սուքիասյանը ներկայացրել է ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2014 թվականի ընդունելության արդյունքները, որի համաձայն`  290 դիմորդ դրական միավորներ են ստացել, բայց որեւէ բուհ չեն ընդունվել: 169 դիմորդ չի ներկայացրել ատեստատ: Հանձնաժողովը քննարկել է  բուհերի  ռեկտորների դիմումները` հավելյալ տեղեր տրամադրելու հետ կապված: Որոշ բուհերի դիմումները բավարարվել են, մասնավորապես, լրացուցիչ 120 տեղ է տրամադրվել ԵՊԲՀ-ին, 53 տեղ` Տնտեսագիտական համալսարանին, եւս 20 տեղ` արվեստի բուհերին: Ագրարային ակադեմիան այս տարի գրանցել է աննախադեպ թվով` մոտ 1000 ուսանող` նախորդ տարիների համեմատությամբ: Ընդ որում` 650 դիմորդ ընդունվել է  ատեստատի գնահատականով: Նախարարը հանձնարարել է վերլուծել վերոնշյալ մեխանիզմի ներդրման արդյունավետությունը` հետագայում կիրառելու այն մասնագիտությունների գծով, որոնք լրացուցիչ խթանի կարիք ունեն:

Անդրադառնալով արտոնություններից օգտվող դիմորդներին` Ռ. Սուքիասյանը նշել է, որ առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները վճարովիի շեմը հաղթահարելու դեպքում կսովորեն անվճար հիմունքներով: Պետբյուջեի հաշվին կրթություն կստանան նաեւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնության 24, դպրոցականների միջազգային օլիմպիադաների 7 մրցանակակիրներ:

Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր: Դրական պատասխան է տրվել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` անվճար հիմունքներով սովորելու մասին դիմումներին:

Նշենք, որ ընդունելության շեմը հաղթահարած դիմորդների ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին: