Եվրասիա միջազգային համալսարանը Մոսկվայի Բիզնեսի եւ իրավունքի Երեւանի մասնաճյուղի խաբված ուսանողներին դիպլոմներ է շնորհել կրթության եւ գիտության նախարարության հանձնարարականով: Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Իրինա Բաբայան պատասխանել է NEWS.am-ի հրապարակմանը:
Պրոռեկտորը մասնավորապես ասել է. «ՀՀ ԿԳ նախարարության հանձնարարականներով Մոսկվայի Բիզնեսի եւ իրավունքի Երեւանի մասնաճյուղի 12 ուսանող ներկայացել է Եվրասիա միջազգային համալսարան ավարտական ամփոփիչ քննություններ հանձնելու նպատակով: «Իրավագիտություն» եւ «Կառավարում» մասնագիտությունների գծով ամփոփիչ ատեստավորման քննությունները հանձնելուց հետո նրանց շնորհվել է բակալավրի աստիճան եւ պետական նմուշի դիպլոմ: Նկատի ունենալով ստեղծված ոչ սովորական իրադրությունը՝ Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտորատը մշակել է այդ ուսանողների հետ տարվող աշխատանքների հատուկ ծրագիր. հաստատել է ուսումնամեթոդական աշխատանքների անցկացման յուրահատուկ ընթացակարգ` կազմակերպվել են լրացուցիչ դասընթացներ, խորհրդատվություններ եւ հաստատվել է ավարտական ամփոփիչ ատեստավորման առանձին ժամանակացույց: Քննությունները կազմակերպվել են ՀՀ-ում գործող շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգին համապատասխան: Ի դեպ՝ այդ խաբված ուսանողները ցուցաբերել են բացառիկ պատրաստակամություն լրացնելու գիտելիքի բացը եւ բավարարելու Եվրասիա միջազգային համալսարանի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի բոլոր պահանջները: Այնպես որ՝ ,,լրիվ ուրիշ համալսարանի դիպլոմ,, արտահայտությունը պետք չէ ընկալել մեխանիկորեն որպես հարցի լուծման տարբերակ, այլ դիտարկել որպես ավարտական քննությունների դժվարությունները հաղթահարած եւ ՀՀ օրենքով նախատեսված հարցի հանգուցալուծում»:
Նշենք, որ Ռուսաստանյան բուհի Երեւանյան մասնաճյուղը գործում է 2005թ.-ից, սակայն մարտի 14-ին զրկվել է լիցենզիայից: Հենց այս պատճառով էլ ռուսական բուհը հրաժարվում է հայաստանցի ուսանողներին դիպլոմ տալ: Հայաստանի ԿԳՆ-ն նույնպես հրաժարվում է հարցը քննարկել, քանի որ իրենց պնդմամբ՝ դա իրենց իրավասության մեջ չի մտնում:





























