Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը վերջին շրջանում սերտացրել է իր կապերը Ադրբեջանի հետ իսկ օրերս Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության պայմանագրեր ստորագրեց: Արդյո՞ք սա Հայաստանին չպետք է մտահոգի: NEWS.am-ի թղթակցի այս հարցին ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանը պատասխանեց. «Հայաստանի համար նորություն չէ, որ վերջին 4-5 տարիներին Ռուսաստանը հետաքրքրություն է ցուցաբերում Թուրքիայի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես էներգետիկայի ոլորտում: Սրա մասին մենք վաղուց տեղեկություններ ունենք եւ ուշադրությամբ հետեւել ենք վերջին տարիների այդ գործընթացին: Մյուս կողմից միանգամային բացատրելի է նաեւ Ռուսաստանի հետաքրքրությունը Ադրբեջանի հետ իր հարաբերությունը սերտացնելու ուղղությամբ, որովհետեւ Ադրբեջանի էներգակիրները եթե ոչ ամբողջապես, ապա մի կարեւոր մասը Ռուսաստանի տարածքով արտահանելու խնդիր կա»:

Նա դժվարացավ ասել, թե արդյո՞ք այդտեղ Հայաստանի համար վտանգ, կա, սակայն ընդգծեց. «Իհարկե հաճելի չէ, երբ քո ռազմավարական գործընկերը հակառակորդ Ադրբեջանի կամ չլուծված հարցեր ունեցող հարեւան Թուրքիայի հետ շատ հեռուն գնացող եւ շատ մեծ ծավալներ կազմող համագործակցության ծրագրեր է կազմում: Մյուս կողմից, ես այս ամենը համարում եմ բացատրելի եւ Հայաստանի համար լավագույն լուծումը հնարավորինս տարածաշրջանային գործընթացներում ինտեգրվելն է»: «Մեծապես հավատում եմ, որ հայ-թուրքական երկխոսությունն ունենալու է դրական արդյունք եւ այդ արդյունքը նպաստելու է նրան, որ Կովկասում չգործող, փակ մայրուղիները ինչ-որ պահից սկսելու են աշխատել: Սա տարածաշրջանային շահերից է բխում եւ որով շահագրգռված է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը»,- ասաց նա: