ԱՄՆ-ի մաքսային ծառայությունները Լոս Անջելեսի օդանավակայանում առգրավել են Նիգերիայից բերված ուտելի հսկայական խխունջների խմբաքանակ: Խխունջներից յուրաքանչյուրը մոտ 1 կգ էր կշռում: ԱՄՆ-ում նման տեսակի խխունջների ներկրումն արգելված է:

Արգելված բեռը Քալիֆորնիա էր բերվել ոմն պատվիրատուի համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այդ տեսակի խխունջները աշխարհում ամենախոշորներն են եւ կարողանում են աճել մինչեւ 20 սմ:

  Լոս Անջելեսի օդանավակայանից հաստատել են, որ բոլոր 67 խխունջներին այրել են: Արեւմտյան Աֆրիկայում դրանք դելիկատես են համարվում, սակայն ԱՄՆ-ի իշխանությունները ներկրումն արգելել են, քանի որ դրանք բազմաթիվ մակաբույծներ են բերում, այդ թվում՝ մենինգիտի հարուցիչներ:

Հսկայական խխունջները կարող են նաեւ մեծ վնաս հասցնել գյուղատնտեսությանը: Տեղի իշխանությունները փորձում են պարզել, թե ինչի համար է պատվիրատուին նման քանակությամբ խխունջներ պետք եղել: Մաքսային ծառայությունն առաջին անգամ նման մեծ քանակություն է առգրավել: Նախկինում խխունջները հանդիպել էին փոքր քանակությամբ՝ ուղեւորների ճամպրուկներում: