Զորակոչիկներին հիվանդությունների կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատելու, ապօրինի տարկետումներ տրամադրելու նպատակով մի շարք պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկված հանցավոր գործողությունների փաստերով ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել մի շարք աշխատակիցների:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին քննչական ծառայությունից, մեղադրանք է առաջադրվել Թալինի զինվորական կոմիսար, մայոր Տիգրան Արտաշեսի Հայրապետյանին ՀՀ քր.օր-ի 313 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով, 235 հոդ. 1-ին մասով, Գորիսի զիմկոնիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Սուրիկի Բաղդասարյանին ՀՀ քր.օր-ի 313 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով, 375 հոդ. 1-ին մասով, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի առիթմիալոգիայի բաժնի վարիչ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Վիկտորի Գրիգորյանին ՀՀ քր.օր-ի 311 հոդ. 4-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի Ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հայաստանի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քր.օր-ի 313 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով և 311 հոդ. 3-րդ մասի 3-րդ կետով: Հաշվի առնելով, որ Ա.Հովհաննիսյանը 1-ին խմբի հաշմանդամ է, նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, արգելանքից ազատ է արձակվել և որոշում է կայացվել վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:





























