Սերժ Սարգսյանի՝ Արգենտինայում արված հայտարարությունը հայ հասարակության ներքաղաքական դիսկուրսի արձագանքն էր: Այսօր՝ հուլիսի 15-ին, մամուլիսի ասուլիսին նման կարծիք է հայտնել Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Սարգսյանը՝ որպես պետության ղեկավար, նման կերպ է արձագանքել նրան, ինչը տեղի է ունենում երկրի ներսում: Իսկ հայ հասարակությունը, քաղաքագետի կարծիքով, սեպտեմբերի 3-ից հետո «բավականին նյարդային կերպով է ընկալում այն ամենը, ինչ տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում», այդ թվում նաեւ՝ Բաքվի զենք վաճառելու փաստը:
«Սակայն ըստ էության ոչ մի նոր բան չի կատարվում: Ռուսաստանը սպառազինում է հարեւան երկրին անկախություն ստանալու պահից ի վեր: Նույնսիկ ավելի վաղ: Իհարկե, դրանում ոչ մի լավ բան Երեւանի համար չկա: Սակայն ենթադրել, որ ռուսները հանկարծ այդպիսի բան չեն անի, բավականին բարդ է», - նշեց Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, արգենտինական «La Nacion» պարբերականին տրված հարցազրույցում, մեկնաբանելով Բաքվի ռուսական զենքի վաճառքի մասին, մասնավորապես ասել է. «Մեզ համար սա շատ ցավոտ թեմա է, եւ մեր ժողովուրդը շատ է անհանգստացած այն փաստով, որ մեր ռազմավարական դաշնակիցը Ադրբեջանին զենք է վաճառում: Սակայն ես համոզված եմ, որ Հայաստանը բավարար ուժ եւ կարողություն ունի իր սահմանները պաշտպանելու համար: Չնայած նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես չեմ կասկածում, որ մեզ համար դժվար պահին Ռուսաստանը կկատարի իր վրա վերցրած պարտավորությունենրը»:





























