Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությանը հետեւել է Երեւանում՝ տանը կամ ընկերների հետ սրճարանում: NEWS.am-ի հետ զրույցում դեսպանը պատասխանել է մի քանի հարցերի:

Պարոն դեսպան, խաղերին հետեւել եք Երեւանում, արդյոք Հայաստանում կա՞ր ֆուտբոլային տրամադրություն:

Իհարկե, խաղերի մեծ մասը տանն եմ նայել, հրավիրել եմ ընկերներիս՝ միասին հետեւելու հանդիպումներին: Այնուհետեւ արդեն կենտրոնում՝ սրճարանում կամ որեւէ ռեստորանում եմ նայել խաղերը, եւ ես իսկապես շատ ուրախացա՝ տեսնելով այսքան շատ երկրպագուներ սրճարաններում՝ աշխարհի առաջնություն նայելիս: Բնականաբար, չեմ կարող ասել, որ նրանք բոլորը Բրազիլիայի հավաքականի երկրպագուներ էին, կարծում եմ նույնիսկ, որ նրանցից շատերը հենց Գերմանիայի երկրպագուներ էին, ինչը ես շատ բնական եմ համարում:

Կրած պարտությունից հետո Դուք՝ որպես դիվանագետ, ինչպե՞ս եք վերաբերվում Գերմանիային: Արդյոք 1:7 հաշվից հետո Գերմանիան ատելի երկիր է դարձել Ձեզ համար:

Բրազիլիան ու Գերմանիան բարեկամ երկրներ են, ես այնտեղ շատ ընկերներ ունեմ, բացի դրանից գերմանական քաղաքները նման են բրազիլականին, ինչպես նաեւ արդյունաբերությունը երկու երկրների նույնպես նման են: Մենք միշտ ենք ասում, որ սկզբում պետք է ընկերություններ բացել Գերմանիայի գյուղական տարածքներում, այնուհետեւ դրանք տեղափոխել Սան Պաուլո: Սան Պաուլոն արդյունաբերական երկրորդ խոշորագույն կենտրոնն է: Բացի դրանից շատ բրազիլացիներ են այսօր ապրում Գերմանիայում: Այնպես որ մենք կանք ու կմնանք ընկերներ՝ անկախ ֆուտբոլից (ժպտում է.- հեղ.):

Պարոն Մոնտեյրո, առաջնության սկսելուց դեռ շատ առաջ բրազիլացիները հայտարարում էին, որ չեն ցանկանա, որ իրենց հողի վրա չեմպիոն դառնա Արգենտինա: Մինչդեռ Դուք ասացիք, որ եզրափակչի ժամանակ երկրպագում էիք Արգենտինային:

Ես բացառություն եմ, ես մտածում եմ ուղեղով, ոչ թե սրտով: Այն բրազիլացիները, որոնք սրտով են մտածում, ֆուտբոլում վատագույն թշնամի տեսնում են Արգենտինային, բայց ես այլ կարծիքի եմ. Արգենտինային դիտարկում եմ՝ որպես մեզ գործընկերներ, նրանք մեր հարեւաններն են, ինչո՞ւ չաջակցել նրանց՝ որպես հարեւաններ:

Եվ վերջին հարցը, հնարավո՞ր է երբեւիցե Հայաստան-Բրազիլիա ընկերական հանդիպում, միգուցե Դո՞ւք կազմակերպեք այդպիսի հանդիպում:

Մենք շարունակում ենք երազել եւ մտածել այդ մասին: Ես հույս ունեմ, որ Հայաստան-Բրազիլիա խաղ կլինի, բայց շատ երկրներ են ցանկանում մեր հավաքականի հետ խաղալ, շատ-շատ հրավերներ են լինում: Բայց ես չեմ բացառում, որ Հայաստանն ու Բրազիլիան մի օր կխաղան:

Նշենք, որ աշխարհի 20-րդ առաջնությունն անցկացվում էր Բրազիլիայում: Չնայած տանտերերի երկրպագուները չեմպիոնության մեծ հույսեր ունեին, այնուամենայնիվ կիսաեզրափակչում Բրազիլիայի ազգային հավաքականը դուրս մնաց պայքարից՝ 1:7 հաշվով պարտություն կրելով Գերմանիայի ընտրանուց, որն էլ եզրափակչում հաղթեց Արգենտինային եւ հռչակվեց չեմպիոն:

Հարցազրույցը՝ Աիդա Հովհաննիսյանի