Աղվերանում մեկնարկել է Համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադան, որին մասնակցում են Սփյուռքի 7 երկրների, Հայաստանի եւ ԼՂՀ-ի 14-18 տարեկան 72 դպրոցականներ: Օլիմպիադայի մասնակիցներին այսօր այցելել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով զրուցել է օլիմպիադայի մասնակիցների եւ թիմերի ղեկավարների հետ, պատասխանել նրանց հարցերին:Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցների ծնողներին եւ մանկավարժներին` օլիմպիադային նրանց նախապատրաստելու համար:
«Ձեզանից յուրաքանչյուրի աչքերի մեջ առկա է հետաքրքրություն ոչ միայն արդեն ավանդական դարձած բնագիտական օլիմպիադայի, այլեւ մեր երկրի հանդեպ: Ձեզանից շատերն առաջին անգամ են հայրենիքում, բայց վստահ եմ` ոչ վերջին: Իրականում հայագիտական օլիմպիադաների նպատակը ոչ միայն շնորհալի եւ տաղանդավոր երեխաներին բացահայտելն է, այլեւ ցանկությունը` նրանց կապել մայր հայրենիքի հետ: Երբ երիտասարդ տարիքում գալիս եք հայրենիք, ծանոթանում ձեր տարեկիցների հետ, ապա հավանականությունը, որ կկապվեք ոչ միայն Հայաստան կոչված հողի, այլեւ ձեր սերնդակիցների հետ, մեծ է»,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ նախարարությունը կանի հնարավորը, որ աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներն ավելի շատ առիթներ ունենան` այցելել հայրենիք:
«Հայերս ավանդաբար ուժեղ ենք տարբեր առարկաներից, որոնցից մեր աշակերտները ցուցաբերում են փայլուն գիտելիքներ: Եվ ահա մեր օլիմպիական թիմն արդեն հասցրել է 6 մեդալ շահել դպրոցականների միջազգային օլիմպիադայում: Մաղթում եմ, որ մեր դպրոցականների մեդալները ոգեւորեն եւ ստիպեն ձեզ` ավելի լավ սովորել, եւ դուք էլ, անկախ նրանից` որ երկիրն եք ներկայացնելու, դառնաք ոչ միայն համահայկական, այլեւ միջազգային ստուգատեսների հաղթողներ, եւ մենք ձեզանով հպարտանալու առիթներ ունենանք»,-նշել է նախարարը` հավելելով, որ այցելելով բազմաթիվ երկրներ` իր աշխատանքային օրակարգի ամենապարտավորեցնող հանդիպումները հայ համայնքի հետ, հատկապես, երբ այդ համայնքներն ունեն հայկական դպրոցներ եւ կրթամշակութային օջախներ:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ ամենամեծ լիցքերը ստանում եմ` մեր հայրենակիցների հետ շփվելով: Մաղթում եմ ձեզ անմոռանալի հիշողություններ, ազնիվ եւ արդար մրցակցության մեջ ձեր լավագույն ունակությունների դրսեւորում: Հաղթանակ չեմ ասում, որովհետեւ արժանանալով օլիմպիադայի մասնակցի կոչմանը` դուք արդեն հաղթող եք, քանի որ հնարավորություն ունեք հայրենիքի այս գողտրիկ անկյունում զգալ ձեզ հայ, հասկանալ, որ պետության ուշադրության կենտրոնում եք, եւ ունեք ձեզ նման մտածող, կենսուրախ ընկերներ աշխարհի տարբեր երկրներում, որոնց միավորում է հայ լինելու պարտավորեցնող, միաժամանակ դժվար առաքելությունը»,-նշել է նախարարը: Արմեն Աշոտյանը ներկաներին տեղեկացրել է նաեւ, թե ինչպես է ծնվել բնագիտական օլիմպիադա անցկացնելու միտքը: «Մի քանի տարի առաջ, երբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել հայագիտական օլիմպիադայի մասնակիցների հետ, երիտասարդները Նախագահին խնդրել էին օլիմպիադաներն անցկացնել ամեն տարի, քանի որ մինչ այդ` դրանք անցկացվում էին երկու տարին մեկ անգամ: Այդ ժամանակ Նախագահը հանձնարարեց հետայսու դրանք անցկացնել յուրաքանչյուր տարի. մեկ տարի` հայագիտական, մեկ տարի` բնագիտական ուղղվածությամբ: Այնպես որ, այս օլիմպիադայի նախադրյալները ձեզ համար ստեղծել են ձեր նախորդ սերունդների առաջարկությունները: Հուսով եմ, որ դուք եւս կդառնաք նոր ավանդույթի հիմնադիրներ»,-նշել է Ա. Աշոտյանը:
Հանդիպման մասնակիցները նաեւ հարցեր են ուղղել նախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Սփյուռքում հայապահպանության խնդրին եւ հայկական դպրոցների հիմնմանը: Ի պատասխան` նախարարը նշել է, որ սփյուռքահայության խնդիրները միշտ գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում` կոչ անելով անպայման հաճախել հայկական դպրոցներ:
Հանդիպման ավարտին մասնակիցներն առաջարկել են հաջորդ օլիմպիադան անցկացնել ԼՂՀ-ում, ինչպես նաեւ ընդլայնել օլիմպիադայի առարկաների ցանկը` այնտեղ ներգրավելով «Քիմիա» եւ «Կենսաբանություն» առարկաները:
Նշենք, որ Համահայկական 2-րդ օլիմպիադան անցկացվում է մաթեմատիկա, ֆիզիկա եւ Հայաստանի աշխարհագրություն առարկաներից: Մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է մասնակցել միայն մեկ կամ երեք առարկաներից մրցույթներին: Բնագիտական օլիմպիադայի հիմնական հաղթողները հայտարարվում են երկրորդ փուլի արդյունքների հիման վրա: Հիմնական հաղթողների համար նախատեսված են. I կարգ` 6 հատ, II կարգ` 6 հատ, III կարգ` 6 հատ դիպլոմներ եւ մրցանակներ:
Բացի հիմնական մրցույթներից` օլիմպիադայի ծրագրում նախատեսված են բազմաթիվ խաղեր, պարի ուսուցում, ուսուցողական միջոցառումներ, քայլարշավ եւ այցելություն Բյուրականի աստղադիտարան





























