«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, այնուհետեւ կալանավորված Վալերի Հովհաննիսյանի ընտանիքին թույլ չեն տալիս տեսակցել մեղադրյալի հետ, որն այս պահին բուժվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Վալերի Հովհաննիսյանի վիճակը բավարար չենք համարում, ցավոր ունի, բուժման կարիք կա: Բացի դրանից էլ կիսափակ ռեժիմում է գտնվում, այսինքն թույլ չեն տալիս տեղաշարժվել, որն էլ իհարկե մենք օրենքի խախտում ենք համարում: Հարկ է նշել նաեւ, որ ընտանիքին էլ թույլ չեն տալիս տեսակցելու Վալերիին: Հիմա մտածում ենք՝ բողոք ներկայացնել, թե ոչ»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ իրենք դեռ նախորդ շաբաթ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ բեկանելու առաջին ատյանի կայացրած որոշումը՝ խափանման միջոցի վերաբերյալ. «Վալերիին ինտենսիվ բուժում է հարկավոր, դրա համար ենք դիմել դատարան, որ խափանման միջոցը փոխվի, քանի որ դա օրինաչափ որոշում չէր»:
Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է հուլիսի 4-ին:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։





























